Քաղաքական

Ադրբեջանի ղեկավարությունը ոչ թե ռազմական, այլ քաղաքական նպատակներ ուներ.քաղաքագետ

karenghazaryan
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը հիմա կարիք ունի իրավիճակը սրելու՝ հակամարտության վրա աշխարհի ուշադրությունը գրավելու համար: Քաղաքագետի գնահատմամբ՝ եթե նրանք դադարեն ընդհանրապես կրակել, ակնհայտ է, որ հայկական կողմից ոչ մի կրակոց չի լինի, իսկ այդ դեպքում աշխարհը կմոռանա Ղարաբաղյան հակամարտությունը: Ըստ նրա՝ հիմա բոլորը ջանում են իրավիճակը վերադարձնել մինչապրիլմեկյան իրավիճակ:

«Ես այնքան էլ լավատես չեմ այդ առումով: Ամեն մի հաջորդ ռազմական գործողություն ավելի անհնար է դարձնում վերադարձը նախկին իրավիճակին: Որոշակիորեն, այսպես ասենք, բժշկական արտաքին միջամտությամբ հնարավոր է հասնել իրավիճակի սպիացմանը: Ամեն դեպքում՝ սա է արտաքին խաղացողների նպատակը, որոնք այստեղ աշխատում են»:

Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի իրարամերժ հայտարարությունների առնչությամբ հարցին՝ կապված տարածքներ հանձնելու հետ, Ալեքսանդր Իսկանդարյանը նկատել է, որ դրանք տարբեր մարդկանց՝ զինվորականի եւ դիվանագետի կողմից արված հայտարարություններ են:

«Սեյրան Օհանյանը խոսել է որպես զինվորական՝ նկատի ունենալով մարտական նշանակության դիրքերը, որոնք ապահովում են անվտանգությունը, իսկ տիկին Նաղդալյանը նկատի ունի, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, այսինքն՝ վերադառնալ բանակացությունների այն իրավիճակին, որը կար մինչեւ ապրիլի 1-ը»,- նշել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետի գնահատմամբ՝  ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունները բացահայտեցին հայ-ղարաբաղյան եւ ադրբեջանական բանակի ոչ միայն քանակական, այլեւ որակական տարբերությունները:

Նրա ձեւակերպմամբ, չնայած ծավալված լայնածավալ ռազմական գործողությունների, ապրիլի սկզբին կատարվածը պատերազմ անվանել չի կարելի: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմական նպատակներ չուներ եւ նրա նպատակները քաղաքական էին, իսկ հրադադարի խախտումներն ու ամեն օր գրանցվող զոհերը՝ նրա այդ քաղաքականության հետեւանք:

Կարդացեք նաև

Back to top button