
ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից Ալիև-Սարգսյան հանդիպում անցկացնելու ծրագիր չի եղել, հայտարարել է Ջեյմս Ուորլիքը: ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, այսօր աշխատում են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել հրադադարը շփման գծում և հակամարտող կողմերի միջև անհապաղ վերսկսել բանակցային գործընթացը՝ եռանախագահների հովանու ներքո, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
Նրա խոսքով` միջնորդներն այսօր աշխատում են ընդլայնել այն միջոցները, որոնք թույլ կտան կրճատել բախումների ռիսկերը շփման գծում՝ մասնավորապես աշխատելով ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման ուղղությամբ:
Պատասխանելով հարցին՝ կա՞ արդյոք որևէ առաջընթաց դիվանագիտական գործընթացում՝ քառօրյա պատերազմից հետո, ի՞նչ արդյունքների են հասել կողմերը և հնարավոր կլինի՞ արդյոք կայունացնել վիճակը և խուսափել ապագայում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումից, դեսպան Ուորլիքն ասել է. «Ապրիլի 5-ից հրադադարը մեծապես պահպանվում է, սակայն մեզ շարունակում է մտահոգել, որ տիրում է մեծ լարվածություն, և տեղի են ունենում հրադադարի խախտումներ: Շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայունությունը հստակ մատնանշում է, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերն անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների: Մենք միանշանակ փաստում ենք, որ լայնածավալ ռազմական գործողություններ վերստին չեն կարող լինել, և այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք նաև աշխատում ենք կողմերի հետ բռնությունների ռիսկը կրճատող միջոցների, օրինակ՝ ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման շուրջ»։




