

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում Արցախում է եղել՝ սահմանագոտում, ու տեսել է քաջ ու անվախ զինվորների, ովքեր զարմացնում են իրենց ոգու արիությամբ: Հայ զինվորի քաջության շնորհիվ է հակառակորդը լռել, անմահ են այդ զինվորները, 3 զինվոր կռվել է 300- ի դեմ՝ ասաց։
Սահմանին կանգնած որևէ զինվոր պատրաստ չէ մի թիզ անգամ զիջել: Ու սխալ են ոմանց պնդումները, թե հայկական կողմը տարածքներ է զիջել քառօրյան ռազմական գործողությունների ժամանակ։ Ընդամենը դիրքերի փոփոխություն է տեղի ունեցել՝ պարզաբանեց Գառնիկ Իսագուլյանը: «ԼՂՀ-ում տարածքներ չենք կորցրել, տարածքներ ենք կորցրել Աբովյան փողոցում, Մաշտոցում, Բաղրամյանում»,- ասում է։
«Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ՀՀ-ն պետք է երաշխիքներ ունենա, որ այլևս հրադադարի խախտումներ չեն լինելու, հակառակ պարագայում՝ անիմաստ կլինեն բանակցությունները:
Անդրադառնալով այս ձևակերպմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում Ադրբեջանի տարածած հերթական սադրիչ նամակին, թե Բաքուն միակողմանիորեն չեղարկվում է 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը՝ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ պատրաստ պետք է լինել ցանկացած զարգացման:
Այսօր ցանկացած զարգացման պատրաստ լինելու մասին խոսեց նաև ՍԴՀԿ վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: Նա անընդունելի համարեց տարածքներ զիջելու մասին խոսակցությունները։ Այն դավաճանություն կնշանակի՝ կարծիք հայտնեց:
Նարեկ Գալստյանի կարծիքով՝ հասունացել է ՀՀ կողմից Արցախի անկախությունը ճանաչելու պահը։ Դա կնպաստի, որպեսզի միջազգային հանրությունն ավելի լրջանա՝ ասաց ՝ զուգահեռներ անցկացնելով Ղրիմի անկախության հետ:
ՍԴՀԿ- ն դեմ է խաղաղապահների տեղակայման գաղափարին։ Որևէ խաղաղապահ անվտանգության երաշխիք չի կարող լինել, ՀՀ և Արցախի անվտանգության երաշխիքը հայ զինվորն է՝ ասաց:




