

«Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է կիրառել նոր մարտավարություն՝ ուժեղ ճնշում գործադրելով հայկական կողմի վրա: Ադրբեջանի գործողություններp, իհարկե, համաձայնեցված են դաշնակից Թուրքիայի հետ, որի նպատակն է բանակցային գործընթացում միջնորդի դեր ստանձնել»,- անդրադառնալով ապրլի սկզբից մինչ օրս շարունակվող ադրբեջանական ագրեսիային՝ այսօր նշել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա համոզմամբ՝ թուրք-ադրբեջանական դաշինքի նպատակն է փոխարինել Մինսկի խմբի ձևաչափը։
«Վերջին տարիներին քաղաքական հարցեր լուծելու ամենատարածված միջոցը, ցավոք, դարձել է բռնությունը, ինչն էլ Ադրբեջանը փորձում է կիրառել որդեգրած նոր մարտավարության մեջ՝ ոգևորված հատկապես ավագ եղբոր ու դաշնակցի՝ Թուրքիայի հաջողություններով»: ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, իսկապես, կարծում է, որ չնայած Թուրքիայի կորուստներին ու նրան ուղղված շարունակական քննադատություններին, այս երկիրը հասել է նրան, ինչին ձգտում էր:
Ըստ Սաֆրաստյանի՝ Ադրբեջանը լրջորեն գայթակղված է իր դաշնակցի հաջողություններով, որի հետ համագործակցությամբ էլ ապրիլի սկզբից անցել է խիստ ագրեսիվ մարտավարության: «Հայկական կողմի վրա լուրջ ճնշում գործադրելով ու բացահայտ ռազմական գործողությունների անցնելով՝ Ադրբեջանը փորձում է փոխել ոչ միայն ռազմական մարտավարությունը, այլև դիվանագիտական»,-ասում է արևելագետը:
Հաշվի առնելով նոր մարտահրավերները՝ հայկական կողմը, ըստ Սաֆրաստյանի, ևս պետք է պատրաստ լինի թշնամուն հակադարձելու ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ճակատում: Կարևորագույն քայլն այս պահին նա համարում է 94 թվականի զինադադարի համաձայնագրի վերականգնումը:




