
տեղադրված՝ 13.04-ին
լրացված՝15.17-ին

«Ավտոբուսը պայթել է, ես մեջն եմ եղել, արի ինձ տուն տար»,- 14-ամյա Անահիտը թիվ 63 ավտոբուսի ուղևորներից է։ Պայթյունից հետո առաջին հեռախոսային զրույցը մայրիկի հետ է եղել՝ անծանոթ համարից: Անահիտն այսօր Ռադիոլուրին ավտոբուսի պայթյունի մանրամասներն է պատմել, նշել՝ պայթյունը անսպասելի էր, չեն էլ հասկացել, թե ինչ է կատարվել: «Երբ աչքերս բացեցի՝ տեսա, որ ավտոբուսից բան չի մնացել»,- ասել է Անահիտը: «Հիմա, երբ նկարներն եմ նայում, չեմ էլ պատկերացնում, որ ես դրա մեջ եմ եղել ու կենդանի մնացել, կարողանում եմ քայլել»,- պատմել է դեռահասը: Հիշեցնենք, որ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում պայթյունի պահին նախնական տվյալներով եղել են վարորդը եւ 9 ուղեւոր։ Նրանցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վիրավորներին Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխել:
Ամեն երկուշաբթի երեկոյան նույն ժամին Ալ . Շիրվանզադեի անվան 21 հիմնական դպրոցի աշակերտուհի Անահիտ Միքայելյանը Թումո ստեղծարար կենտրոնից տուն է գնում: Երեկ էլ բացառություն չէր, միակ բացառությունը, որ ապրիլի 25-ի ուշ երեկոյան Անահիտը տուն էր գնում առանց մոր՝ տիկին Լիլիթի ուղեկցության:
«Ես եմ գնում իրեն բերում, չգիտեմ, ոնց ստացվեց, որ ինքը պիտի գար: Զանգեց, որ տրանսպորտի մեջ էր, մեկ էլ հինգ րոպեից զանգեց, որ մամա, ավտոբուսը պայթել ա, ես մեջն եմ, խնդրում եմ արի ինձ տար: Ինքը ուրիշի համարից էր զանգում, հարցրեցի՝ ինչու՞ ես անծանոթ համարից զանգում, ասաց՝ կարծես հեռախոսս էլ է պայթել»:
Թե ինչ էր եղել իրականում, Անահիտը միայն նկարներից է հասկացել։ Ավելին, չի էլ պատկերացնում, որ կենդանի է մնացել։
«Նստեցի Թումոյի դիմացի կանգառից, մեկ կանգառ էինք անցել։ Արդեն պետք է իջնեի, այդ պահին պայթեց: Տոթ էր, օդ չկար: Նստած էի վարորդի հետևի նստարանին, շպրտվեցի առաջ: Պատուհանի կողքը մի երիտասարդ տղամարդ էր նստած: Ես իր կողքն էի, առաջ շպրտվեցի, գիատկցությունս կորցրեցի: Գիտակցության եկա, գետնին էի, վրաս երկաթներ էին: Դիմացս մի տղա էր, որ երկու մասի էր կիսվել: Ավտոբուսում շատ մարդ չկար՝ 10-15 հոգի, բոլորը նստած էին, հետևի նստարաններն ազատ էին: Ահավոր անսպասելի էր, չեմ էլ զգացել, որ կարող է նման բան լինի: Աչքերս բացեցի ու տեսա, որ ավտոբուսից ոչ մի բան չի մնացել»:
Անահիտին էլ մյուս վիրավորների հետ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Հարազատները աղջկան Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են փնտրել, գտել են ընդունարանում: Անահիտի մայրը՝տիկին Լիլիթը ,սկզբում աղջկան չի ճանաչել. «Մրոտ էր, անճանաչելի, իր նման չէր: Բայց ամեն դեպքում, որ տեսանք շրջապատում ինչ է կատարվում, ով ինչ վիճակում է, մենք հասկացանք, որ հրաշքով փրկվել ենք: Փառք Աստծո»:
«Արմենիա» բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի հերթապահ բժիշկ Լիլյա Հակոբջանյանն է ընդունել Անահիտին: Բժշկուհին այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմեց, որ Անահիտն ունի ստորին վերջույթների փափուկ հյուսվածքների սալջարդ, ծնկների քերծված վերքեր, հարվածային ալիքից կանտուզիա է ստացել՝ լսողության վատացմամբ։ Մասնագետը վստահեցրեց՝ ժամանակի ընթացքում լսողությունը կվերականգնվի:
«Բավարար վիճակում է, այսօր նորից կհետազոտենք: Անալիզները կվերցեննք, չնայած երեկ ամեն ինչ արվել է: Երեխայի վիճակը լավ է»:
«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ տեղափոխված հիվանդներից ծայրահեղ ծանր վիճակում են եղել Էդգար Արայիկի Գասպարյանն ու և Ռոլանդ Սուրենի Խոջայանը:
«Բոլորի մոտ ախտորոշվել է պայթյունային վնասվածք՝ իր հետևանքներով: Էդգարը և Ռոլանդը վիրահատվել են, կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, բեկորների հեռացում: Էդգարի մոտ նաև եղել է ճաճանչային զարկերակի վնասում: Հիմա տղաների վիճակը արդեն գնահատվում է ծանր: Ծայրահեղ ծանրից դեպի ծանր՝ ունենք դրական դինամիկա: Անջատվել են արհեստական շնչառությունից, գիտակցություն ունեն, շնչում են ինքուրույն, պատասխանում են հարցերին»:
Նրանց այսօր տեղափոխեցին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Տուժածների մեջ նաև հղի կին կար: Պտղի վիճակը բավարար է, սրտի բաբախը՝ լսելի: Առողջապահության նախարրա Արմեն Մուրադյանը լրագրողներին փոխանցեց, որ կնոջը տեղափոխել են գինեկոլոգիական բաժանմունք
«Մնացածների վիճակն այս պահին գնահատվում է կայուն, Բոլորի վիճակը մենք գնահատել ենք ծանր,երկուսինը՝ ծայրահեղ ծանր: Այս պահին նրանք ևս գնահատվում են կայուն ծանր: Գիշերվա ընթացքում հաջողվեց կայունացնել և կրիտիական վիճակից մեկ դեռահասին հաջողվեց հանել»:
Առողջապահության նախարարի փոխանցմամբ, վիրավորներից մեկը կտեղափոխվի ականջաբանության բաժանմունք՝ հաշվի առնելով, որ կա նաև ականջի թաղանթի վնասվածք:
Նշենք, որ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցածի պահին նախնական տվյալենրով ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




