

Խորհրդարանն այսօր սկսել է Ընտրական օրենսգրքի քննարկումը: Մոտ մեկ ժամ ԱԺ ամբիոնից այն ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը: Նախագիծն, ըստ էության, ամենաառանցքային փաստաթուղթն է, որն ընդունելու է խորհրդարանն այս նստշարջանի ընթացքում: Օրենսգիքն է սահմանելու խաղի այն կանոնները, որոնցով կազմակերպվելու են 2017-ի խորհրդարանական ընտրությունները: ԱԺ քննարկումների մեկնարկը տրվել է ընդդիմության ու իշխանության տրամագծորեն հակառակ գնահատականներով. ընդդիմադիրները կարծում են, որ նախագիծը, մինչև խորհրդարան հասնելը չի բարեփոխվել, իշխանության ներկայացուցիչները հակառակ կարծիքին են:
Մոտ մեկ ամիս ԱԺ ընդդիմադիր ուժերն ու մեծամասնության ներկայացուցիչները փորձեցին բանակցել Ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական կետերի շուրջ, ընդհանուր փոխհամաձայնություններ գտնել: Բանակցություններն ավարտվել են, իսկ եզրակացությունները, որ անում են կողմերը այդ քննարկումներից հետո, տրամագծորեն տարբեր:
« Ընտրական օրենսգրքի քննարկումներին առկախում ենք մեր մասնակցությունը, քանի դեռ դրա վերափոխման շուրջ կոնսենսուս ձեռք բերված չէ»,- սա ՀԱԿ-ի դիրքորոշումն է, որը խմբակցության ղեկավարի կողմից ներկայացվեց քառօրյայի մեկնարկին:
Լևոն Զուրաբյանը, հիմնավորելով որոշումը, ասում է, որ իրենց և քաղհասրակության կողմից ներկայացված 5 առանցքային առաջարկները, ըստ էության, չեն ընդունել, կամ ինչպես Զուրաբյանն է ձևակերպում մանր-մունր հարցերում իշխանությունը ընդառաջել է, լուրջ հարցերը թողել է անարձագանք:
Ձեռք բերված համաձայնություններին մանր-մունր որակումը չի տալիս խորհրդարանակն մեծամասնությունը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը տարակուսում է ՀԱԿ-ի գնահատականից, թե կոնսենսուսի գալ չհաջողվեց: «Կասկած ունեմ, որ ինչ արդյուքներ էլ ձեռք բերվեին, ՀԱԿ-ը միևնույնն է խոսելու էր կոնսենսուսի բացակայության մասին: Իմ համոզմամաբ ՝ կոնսենսուս կա»:
Ընտրական օրենսգրքին քննարկումը սկսվեց այսօր, կշարունակվի վաղը: Դավիթ Հարությունյանն այսօր հասցրեց հանգամանորեն ներկայացնել նախագիծը՝ շեշտելով, որ այն նախնական տարբերակից էականորեն տարբերվում է: Ի դեպ՝ մոտ մեկ ժամանոց ելույթից հետո անակնկալ մատուցեվ տեխնիկական համակարգը:
Հարցերի համար հերթագրում հայտարարելուց զարմանալիորեն պարզվեց, որ հերթագրվածներ չկան: Հերմինե Նաղդալյանն անգամ շտապեց հայտարարել., թե այնքան սպառիչ էր նախագծի ներկայացումը, որ հարցեր տալու անհրաժեշտություը վերացավ:
Պարզվեց սակայն, որ խնդիրը տեխնիկական է. համակարգի վերականգնումից հարցերի համար լուսատախտակին արդեն 25 պատգամավորների անուններ էին:




