Քաղաքական

Խորհրադարնում ցանկանում են տեսնել ԱԳ եւ պաշտպանության նախարարներին (լրացված)

տեղադրվել է ժամը 13։10- ին
լրացվել է ժամը 19։18- ին

lenabadeyan

Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյա աշխատանքը: Հիշեցնենք, նախորդ քառօրյան ընթանում էր քառօրյա պատերազմին զուգահեռ եւ այսօր պատգամավորները աշխատանքային օրակարգը ձեւավորելիս բոլորովին այլ սպասելիքներ եւ պահանջներ ունեին՝ ներկայացված օրակարգին հակառակ: Պատգամավորները կարեւորում էին այլ խնդիր, կոնկրետ հարցերի հստակ պատասխաններ են ակնկալում վարչապետից, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներից, իսկ ահա կառավարությունը առաջնային եւ անհետաձգելի է համարել նոր ԸՕ-ի փաթեթի քննարկումը: Ի դեպ՝ պատերազմի օրերին ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ դրած ընդդիմադիրներն այսօր դժգոհել են, որ հարցի քննարկման համար պահը պատեհ չէ, քանի որ փոխհամաձայնության բացակայության պայմաններում այս փաթեթի քննարկումը ներքաղաքական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:  

Ապրիլի 5-ի երեկոյան ԱԺ-ում կազմակերպված փակ քննարկման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալին եւ փոխարտգործնախարարին պատգամավորները ուղղել էին 46 հարց: Դրանցից շատերը սուր էին, բայց բոլորի պատասխանները տրվել են: Ու չնայած այդ ամենին՝ պատգամավորներն այսօր պնդում են՝ վարչապետը, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները որոշ հարցերի հստակ պատասխաններ պետք է տան:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փակ քննարկում ասելով նկատի ունի ոչ թե գաղտնի քննարկում, այլ՝ քննարկում այն գիտակցությամբ, որ կան անվտանգությանն առնչվող հարցեր, որոնցից ոչ բոլորն են ենթակա բարձաձայնման: Լրացուցիչ քննարկումներ, բացատրություններ եւ պարզաբանաումներ այսօր պահանջում էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Օրինաց երկիր» խմբակցությունների ու որեւէ խմբակցությունում չընդգրկված անկախ պատգամավորները:

Անպատասխան մնացած եւ թերեւս բոլորին հուզող հարցերից մեկը բարձրացրեց նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ նախ հստակեցնելով, որ 80-ական թվականի զենքերի պատճառով չէ, որ տվել ենք զոհեր:  «Մենք զոհ ենք տվել, որովհետեւ մեր զինվորը երեկոյան ութից հետո չի տեսնում՝ չունի գիշերային սարք, մենք զոհ ենք տվել, որովհետեւ հասարակ կապ չկա, այն կապը, որ կար 90-ականներին ALINKO ռադիոկայաններիր միջեւ եւ մենք լուրջ խնդիր ունենք ՊՆ ղեկավարման որակի հետ: Չե՞ք կարծում, որ պաշտպանության նախարարին եւ շտաբի պետին պետք է հրավիրենք, տեսնենք՝ ինչ է կատարվում բանակում, երբ շքեղ մեքենաները, ՋԻՓ-երը տասնյակներով դրվում են մարդկանց տակ եւ հակարծ հասարակ ALINKO չկա, որ կար 25 տարի առաջ»,- ասում է նախկին վարչապետը։

«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ ազգային անվտանգության համակարգը ամրապնդելու անհրաժեշտություն ունենք», — ընդունեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Տեղեկացղրեց, որ առաջիկայում իր ղեկավարած հանձնաժողովը նիստ է գումարելու՝ պաշտպանության նախարարի մասնակցությամբ: Բայց պատգամավորների այս պահանջատիրությանն ի պատասխան՝ հանրապետականները հակադարձում են, որ ապրիլյան չորսօրյա պատերազմի հենց սկզբից խորհրդարանն ակտիվորեն աշխատել եւ համագործակցել է բոլոր կառույցների հետ՝ թե Հայաստանից, թե Ղարաբաղից, ստացել են անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաեւ անձամբ են այցելել Արցախ, որտեղ ունեցել են փակ եւ բաց քննարկումներ:

Բանակցային գործընթացի հետ կապված հարցերն այսօր հարկ համարեցին պարզաբանել ԱԺ երկու փոխնախագահներն էլ՝  Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը:

«ՀՀ դիրաքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել: ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր եւ ամենակարեւորը՝ առանց ԼՂ մասնակցության որեւէ մեկը չի կարող լուծել ԼՂ ժողովրդի եւ հանրապետության ճակատագիրը»,- ասում է Էդուարդ Շարմազանովը։

Հերմինե Նաղդալյանը հավելում է, «Որեւէ նոր քաղաքական իրավիճակ չի հանդուրժվում: Գոյություն ունի 1994 թվականի զինադադարի եռակողմ պայմանագիրը եւ միայն այդ պայմանագրի շրջանակներում է, որ գործընթացներ են ընթանում»:

Եվ սա միջազգային հանրության դիրքորոշումն է՝ հիշեցրեց ԱԺ փոխնախագահը: Ի դեպ՝ խորհրդարանի ղեկավարությունն սկզբունքորեն համաձայնել է կազմակերպել նոր փակ քննարկումներ՝ համապատասխան խորհրդակցություններից հետո:

Իսկ ԱԺ օրակարգում այսօր կարեւորվել են այլ հարցեր, առաջին հերթին՝ անհետաձգելի է համարվել նոր ԸՕ-ի քննարկումը: Խորհրդարանական ընդդիմությունից ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պնդում է՝ ընտրված պահը պատեհ չէ։ Խորհդուրդ տվեց հաշվի նստել երկրում ստեղծված իրավիճակի հետ եւ հիշել, որ այս հարցում փոխհամաձայնություն այդպես էլ չեղավ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, բարձր գնահատելով ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունները, նշեց, որ խորհրդարան ներկայացված փաստաթուղթը դոգմա չէ, այն կարող է փոփոխվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եւ հենց այդ ընթացքում էլ հնարավոր է ձեւավորվի փոխհամաձայնություն: Այսօրվանից արդեն խորհրդարանն անցավ նոր ԸՕ-ի նախագծի քննարկմանը:

Կարդացեք նաև

Back to top button