
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը հայտարարել է, որ Թուրքիան փորձել է ճնշում գործադրել իր եւ Եվրամիության վրա՝ ստիպելով Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված համերգից հանել «ցեղասպանություն» տերմինը՝ գրում է The Local- ը:
Ապրիլի 30-ին՝ գերմանական Դրեզդեն քաղաքում կայանալիք միջոցառման ընթացքում հնչելիք խոսքի տեքստի եւ ծրագրի հիմնական թեման հենց ցեղասպանությունն է։ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդթը թուրքական նկրտումները որակել է որպես խոսքի ազատության դեմ ոտնձգություն։
Ռինդթը նաև ասել է, որ Եվրամիությունում թուրքական ներկայացուցչությունը Եվրոպական հանձնաժողովից պահանջել է հետ վերցնել համերգի համար նախատեսված ֆինանսավորումը՝ 200 հազար եվրոն։
Ռենդթի խոսքով՝ Եվրահանձնաժողովը ֆինանսավորումը պահպանել է, սակայն նվագախմբին խնդրել է չհիշատակել «ցեղասպանություն» տերմինը և իր պաշտոնական կայքէջից հեռացրել է միջոցառումը հիշատակող որևէ նշում: «Մենք կարծում ենք, որ այս ամենը շատ կասկածելի է»,- ավելացրել է նա:
Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը հաստատել է, որ համերգի մասին մանրամասն տեղեկությունները հանվել են կայքից։ Նա նաև նշել է, որ ծրագրի նկարագրության ձևակերպման շրջանակներում տերմինի կիրառման բանակցությունների հետ կապված, հանձնաժողովը ժամանակավորապես հեռացրել է համերգի մասին տվյալները և նոր նախագծի նկարագրությունը կհրապարակվի առաջիկա օրերին:




