

Բնապահպանության նախարարությանն ամեն տարի հատկացվող 24 մլն դրամը կորչում է, այսօր ահազանգել են հայ բնապահպաններն ու պարզաբանել` գայլերի թվաքանակի կարգավորման ծրագրի անվան տակ շարունակ գումարներ են հատկացվում: Բայց ոչ արդյունքը կա, ոչ էլ` պատասխան տարիներ շարունակ հնչեցվող իրենց ահազանգերին:
Օրերս կառավարությունը որոշեց 24 մլն դրամ հատկացնել բնապահպանության նախարարությանը: Սա պետք է որպես պարգեւավճար տրամադրվի նրանց, ովքեր կներկայանան որսված գայլի չվնասված մորթով: Գայլերի թվաքանակի կարգավորման այս տարվա ծրագիրն է, որը թույլ է տալիս մինչեւ 200 գայլի որս: Կառավարությունում բնապահպանության նախարարը հիմնավորում է` Հայաստանում վերջին տարիներին գայլերի թիվը կտրուկ աճում է, վկայությունը` տարբեր համայնքներում գայլերի հարձակումներն ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա: Այս գիշատիչների ավելացումը սոցիալ-տնտեսական, նաև բնապահպանական լուրջ խնդիրներ է ստեղծում: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան`
«Թույլատրվում է 2016-ին սպանել ընդհանուր առմամբ 200 գայլ, ամեն մեկի դիմաց բնապահպանության նախարարությունը խոստանում է 123 հազար դրամ»:
Գայլերի որսը Հայաստանում թույլատրվում է 2011-ից: Բնապահպանության նախարարը վստահ է` հենց այս միջոցառման շնորհիվ հնարավոր եղավ կրճատել դրանց քանակը: 2013-ին, ասում են, գայլերի թվի կարգավորում չիրականացվեց, եւ բարձր վերարտադրողականության ու կենսունակության արդյունքում գայլերն ավելի շատացան: Բայց հայ բնապահպանները կառավարության որոշմանը լուրջ վերապահումով են մոտենում: 2012 թվականից մինչ օրս ահազանգում ենք, ասում է Էկոլոգիական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը:«Որսի համար դուրս գրվող գումարները բացարձակապես աննպատակ են ծախսվում»:
Գումարները կորչում են, գայլերի խնդիրն էլ չի լուծվում, հայտարարում է Սիլվա Ադամյանն ու հարցին այլ կողմից էլ մոտենում: Հայաստանում, ասում է, կենսաբազմազանության մոնիթորինգ չի արվել վերջին 15-20 տարում: Չգիտենք` քանի գայլ կա, որ շրջաններում` ամենաշատը: Բնապահպանության նախարարությունում ասում են` գայլերի թվաքանակը մոտ 800 է, բայց որքանով է դա հավաստի, հարց է: Եւ հետո` ամեն մարդու գայլ սպանելու իրավունք չի կարելի տալ: Սպանողն էլ պետք է գայլերին ճանաչի, հասկանա` ոհմակի առաջնորդին սպանի՞, թե՞ ոչ: Ոհմակի առաջնորդն էլ, որպես կանոն, էգ գայլ է լինում, արտաքինով` տարբերվող: «Հանուն կայուն մարդկային զարգացման» հկ նախագահ Կարինե Դանիելյանը շարունակում է` գայլերի ակտիվացումը ցուցանիշ է, որ էկոհամակարգերը խախտվում են: Սա բնության պատասխանն է, ասում է:
«Գայլը ստիպված է դուրս գալիս: Այն շատ խելացի կենդանի է, այլ դեպքում պատերազմի դուրս չէր գա»:
Գայլերի թվաքանակի կարգավորումն այլ կողմից է պետք սկսել, հայտարարում է բնապահպան Կարինե Փանոսյանը: Հայկական գամփռի թվաքանակն ավելացրեք, ասում է, հովվին` օգնական: Մեկ գամփռը մի ամբողջ հոտ կհսկի: «Շարունակ ասում ենք` գոմերը չունեն ճաղավանդակներ, կողպեքներ, չկան շներ»:
Ամեն տարի հատկացվող 24 մլն դրամը եթե չի ուղղվում կենսաբազմազանության մոնիթորինգին, ապա այդ գումարն ավելի ճիշտ հասցե ունեն` բանակ, բանակի վերազինում՝ հայտարարում են բնապահպաններն ու սպասում հանրապետության վարչապետի արձագանքին:




