
Մոնղոլիայում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի հավաքականի նորեկ Գեորգի Կետոևը (97 կգ) ուղեգիր նվաճեց: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակներով մտավ եզրափակիչ (11:0, 11:0 և 7:0), որտեղ 4:3 հաշվով հաղթեց ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրահիմովին՝ տիրանալով և ուղեգրի, և ոսկե մեդալի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում 1:4 հաշվով պարտվեց վրացի մարզիկին, սակայն վերջինս հասավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Սաֆարյանին՝ շարունակելու պայքարը: Սփոփիչ գոտեմարտում հայ մարզիկը 6:2 հաշվով հաղթեց ֆրանսիացի ըմբիշին: Երրորդ տեղի համար պայքարում նա, ցավոք, 0:11 հաշվով պարտվեց բուլղարացի Բորիսլավ Ստեֆանով Նովաչկովին և չկարողացավ ուղեգիր նվաճել:
74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պարտվեց քառորդ եզրափակչում և լքեց պայքարը:
86 կգ քաշային Շամիր Աթյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում ամերիկացի մարզիկին, սակայն հնարավորություն էր ստացել՝ շարունակելու պայքարը: Սփոփիչ առաջին գոտեմարտում Աթյանը 10:2 հաշվով հաղթեց հույն մարզիկին, բայց երկրորդ սփոփիչ գոտեմարտում պարտվեց լեհ մրցակցին:




