ՀասարակությունՑեղասպանություն 100

Ֆրանսիայի ուղերձը Երեւանին եւ Բաքվին. տարածաշրջանում է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարը

karenghazaryan
Ինձ համար շատ կարեւոր եւ հիշարժան էր այսօր, որովհետեւ այստեղ եմ եկել Ֆրանսիայի  կառավարության անունից, հանձնարարված է նաեւ ինձ՝ ֆրանսիայի Հանրապետության նախագահի կողմից, գալ, բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իմ բաժին մեխակները դնել Հայոց զոհերի անմահ շիրիմին: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է  Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեզիրը: Նա նաեւ տեղեկացրել է, որ երեկ էլ, ֆրանսիայի հայկական ծագմամբ քաղաքացիների հետ, մասնակցել է Կոմիտասի հուշարձանի անմիջական հարեւանությամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Նա նաեւ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ տեղեկացնելով, որ այդ մասով ուղերձ է բերել:

 

Ես տեսա հազարավոր այն մեխակ-ծաղիկները, որոնք դրված էին հուշահամալիրի մոտ՝ ասելու համար, որ մենք ձեզ հետ ենք, մենք ձեզ հետ չենք մոռանում եւ, իսկապես, ցեղասպանությունը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբեւիցե չպետք է մոռացվի աշխարհի բոլոր ծագերում՝ ասաց Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:

«Ահավասիկ, արդեն 15 տարի Ֆրանսիան՝ խորհրդարանի ներքին եւ վերին պալատների միահամուռ որոշմամբ ընդունեց՝ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մենք հիմա պետք է մարտնչենք, պայքարենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ընդունվի ողջ մարդկության կողմից»,- ասաց Ֆրանսիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյան:

Բնականաբար, հնարավոր չէ ապագան կերտել՝ առանց հավուր պատշաճի գնահատելու այդ ցավալի իրադարձությունները, առանց ճանաչելու այդ անմարդկային ցավը, որ պատճառվել է, առանց, բնականաբար, հաշտեցման եւ մենք պետք է, միով բանիվ, միահամուռ մեր ուժերը միավորենք, որպեսզի այս ճանաչումը դառնա համապիտանի, ունիվերսալ ընդունված՝ որպես արդարություն, որպես տեղի ունեցած իրականություն՝ հավելեց Ֆրանսիայի Հանրապետության եվրոպական հարցերով պետքարտուղարը: Նա անդրադարձավ նաեւ Ղարաբաղյան խնդրին՝ փոխանցելով, որ Հայաստան ուղերձ է բերել, որ՝ պետք է վերսկսվեն բանակցությունները, որոնք, նրա ձեւակերպմամբ, իսկապես անհրաժեշտություն են, որպեսզի խուսափվի բռնության նմանատիպ բռնություններից, ինչպիսիք եղան վերջերս: Պետք է, բնականաբար, մենք բոլորս մեր ուժերը միավորենք, որպեսզի կարողանանք ի զորու լինել՝ կերտելու հարատեւ, կայուն խաղաղություն տարածաշրջանում՝ հիմնված ամենակարեւոր, հիմնական սկզբունքների վրա՝  շեշտեց Հառլեմ Դեզիրը՝ ընդգծելով նաեւ այդ սկզբունքները:

Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրեց, որ խաղաղության, արդարության եւ հաշտեցման ուղերձն է, որը կլինի հիմնական այն շեշտադրումը իր բոլոր քաղաքական հանդիպումների, որոնց միա մասն այսօր անցկացնելու է Երեւանում, իսկ վաղը՝ Բաքվում: Նա նաեւ հավելեց, որ վստահության մեխանիզմների մշակումն ու կիրառումը, սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների, տեխնիկական միջոցների կիրառումը նույնպես օրակարգում են լինելու: Դա է կարեւորը՝ շեշտեց Ֆրանսիայի Հանրապետության եվրոպական հարցերով պետքարտուղարը:

«Ռադիոլուր»ի հարցին, թե արդյո՞ք Ֆրանսիան մտադիր չէ ավելի հասցեական իր ուղերձը հղել, քանի որ ակնհայտ է, թե իրականում որ կողմն է խախտել ու խախտում 94-ին հաստատված հրադադարը՝ ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ պատճառներից մեկը հենց դա է, որ իրենք անպայման ցանկանում են վերահսկման միջոցառումները եւս կիրառել, որպեսզի, իսկապես դադարեցվեն ուժի կիրառման եւ, ընդհանրապես, ռազմական ցանկացած դրսեւորում, որպեսզի մարդիկ կարողանան գալ բանակցային սեղանի շուրջ եւ ամենակարեւորը՝ որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմը:

Չի կարելի խոսել սառեցված հակամարտության մասին, երբ լինում են զոհեր զինվորականների եւ քաղաքացիական բնակչության թվում եւ պարտադիր  պատճառներից մեկն էլ դա է, որ վերսկսվի բանակցային գործընթացը՝ իր խոսքը եզրափակեց Ֆրանսիայի Հանրապետության եվրոպական հարցերով պետքարտուղարը:

Կարդացեք նաև

Back to top button