
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի եւ 1.5 միլիոն զոհերի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ են անցկացվել նաեւ Կանադայում: «Ռադիոլուր»-ը զրուցել է Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հետ:
«Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկսվել են դեռևս ապրիլի 17-ին: Տորոնտոյում կազմակերպվել էր մեծ քաղաքական հավաք, որտեղ հրավիրված էին Կանադայի դաշնային, նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, և այստեղ առաջին անգամ ընթերցվեց վարչապետ Ջասթին Տրյուդոյի ուղերձը: Ապրիլի 20-ին Կանադայի խորհրդարանում ներկայացվել է «Հայոց ցեղասպանությունը և Կանադայի պատասխանը» գիրքը:
Ամենամեծ միջոցառումը անցկացվում է այսօր Օտտավայում, որին մասնակցում են հազարավոր կանադահայեր, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հետո ժողովուրդը կքայլի դեպի Թուրքիայի դեսպանություն՝ պահանջելու Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է դեսպան Եգանյանը:




