

Ինձ համար այսօր մեծ պատիվ է՝ ներկայացնելու Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին, երբ հարգանքի տուրք է մատուցվում այն դեպքերի հիշատակին, որն, ԱՄՆ նախագահի խոսքերով, 20-րդ դարի վատթարագույն ողբերգություններից էր: Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
«100 տարի առաջ միլիոնավոր հայեր մահվան երթերով, կոտորածների ու տեղահանություններին զոհ գնացին: Մենք այսօր հիշատակի տուրք ենք մատուցում նրանց և մեր ներդրումն ենք ունենում, որպեսզի նման դեպքեր երբևէ չկրկնվեն»,-ասաց մեր երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե Ռիչարդ Միլսն ինչպես է վերաբերում փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խոստումը չկատարեց և դարձյալ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, դեսպանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ երեկ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել»:
Դեսպան Միլսը նաեւ ավելացրեց, որ դեպքերը որակելով որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը՝ ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնացել այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք մենք բոլորս՝ դեպքերի լիարժեք, արդարացի և ամբողջական ճանաչմանը:
ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ՝ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք, արդարացի և ամբողջական կերպով ճանաչվեն անցյալի դեպքերը՝ հավելեց Մեր երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Արձագանքելով հարցին, թե՝ այդպիսով, Բարաք Օբաման գուցե չի՞ ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնել, դեսպանը շեշտեց, որ Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ իր նպատակը ճշմարտությունն է և երկու հասարակությունների միջև հաշտեցումը եւ նա շարունակում է հավատարիմ մնալ այդ հանձնառությանը: Այսօր այստեղ լինելով, հավերժական կրակի մոտ մեր հարգանքի տուրքը մատուցելով՝ մենք մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ հաստատում ենք մեր հանձնառությունը՝ իր խոսքը եզրափակեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:




