
Ապրիլի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի` ցեղասպանություններ, մարդկության դեմ հանցագործություններ վերապրած մասնակիցներին՝ Յոուք Չհանգին՝ Կամբոջայից, Կաբանդա Ալոյսին՝ Ռուանդայից, Նադիա Մուրադին՝ Իրաքից։
Շնորհակալություն հայտնելով ֆորումին մասնակցության համար` նախարար Նալբանդյանը արժևորել է երևանյան համաժողովին ականավոր գիտնականների, քաղաքական և հասարակական գործիչների, արվեստագետների և, հատկապես, ցեղասպանություններ վերապրածների ներկայությունը։
Նախարար Նալբանդյանը կարևորել է ցեղասպանությունների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջազգային հանրության համատեղ ջանքերը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Երևանում արդեն երկրորդ անգամ անցկացվող գլոբալ ֆորումը դարձել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված պայքարի կարևոր միջազգային հարթակ:
Նադիա Մուրադը ներկայացրել է ահաբեկիչների կողմից եզիդների դեմ Իրաքում իրականացվող վայրագություները, իր ընտանքի բարբարոսական սպանության պատմությունը։ Նադիա Մուրադը հայցել է այս կապակցությամբ միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու հարցում Հայաստանի աջակցությունը։ Նախարար Նալբանդյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը` եզդիների դեմ բռնարարաքների մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելու ուղղությամբ։
Հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել ցեղասպանությունների կանխարգելաման ուղղությամբ միջազգային բեմահարթակում Հայաստանի առաջնորդող դերակատարությունը։ Էդվարդ Նալբանդյանը հյուրերին տեղեկացրել է այս ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունների ու ջանքերի մասին։




