

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի պատմության մի մասն է, հետևաբար սա միայն մի ազգի ցավը չէ, սա համայն մարդկության ցավն է, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում նշեց աշխարհահռչակ դերասան, բարերար, կինոարտադրող, «Ավրորա» մրցանակաբաշխության Ընտրող հանձնաժողովի անդամ Ջորջ Քլունին: Աշխարհահռչակ դերասանը նշել է, որ հնարավոր չէ հերքել այն, ինչ 101 տարի առաջ տեղի է ունեցել, չի կարելի հերքել այն, որ ինչ-որ մեկը փորձել է վերացնել մի ամբողջ մարդկային ցեղ: Քլունին նկատել է, որ Ցեղասպանությունների դեմ միայն խոսքերով չէ, որ պետք է պայքարել: Կոնկրետ քայլեր են անհրաժեշտ:
«Ցեղասպանությունների դեմ պայքարելու համար պետք է դադարել պարզապես ասել «այլևս երբեք», բայց դրանից բխող որևէ քայլ չնախաձեռնել։ Երբ ես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վկայություն էի տալիս «ցեղասպանություն» բառի հետ կապված, հասկացա, որ բարդ է ժամանակակից աշխարհի համար։ Իրենք կարծես հակված են «զանգվածային սպանդ» արտահայտությունն օգտագործել։ Նույնը Հայոց ցեղասպանության հետ կապված է։ Գիտեմ, որ երկար ու դժվարին պայքար է եղել, որ կոչես եղածն այն անունով, ինչն իրականում կա։ Դա տեղի է ունենում, բայց երկար ժամանակ է պահանջում։ Կարևորն այն է, որ չես կարող հերքել այն, ինչ կատարվել է, չես կարող մերժել, երբ մեկը մարդկային ցեղ է վերացնում, մշակույթ է վերացնում։ Սա ցեղասպանություն է։ Այլ տարբերակ չկա։ Գերմանիայից հետո աշխարհն ասում էր՝ չպետք է կատարվի, «այլևս երբեք», բայց մենք տեսանք Կամբոջա, Բոսնյա, Ռուանդա․․․ Նորից կատարվում է, ամենևին էլ այլևս երբեք չէ ․․․։ Ու անընդհատ արդարացնում ենք մեզ, որ այ, եթե իմանայինք՝ մի բան կանեինք, բայց մենք գիտենք դրա մասին, մենք դա տեսնում ենք»,- ասել է Քլունին։
The Washington Post հեղինակավոր թերթի հրապարակախոս, խմբագիր, հայկական ծագում ունեցող Դեվիդ Իգնատիուսը (David Ignatius) Քլունիից հետաքրքրվել է, թե ի՞նչն է ստիպել նրան այցելել Հայաստան, լինել այս ֆորումին:
Ի պատասխան Քլունին ասել է, որ ինքը ծնվել է այնպիսի ժամանակաշրջանում, երբ մարդիկ պայքար են մղել իրենց իրավունքների համար, ինքն էլ դաստիարակվել է այդ ոգով: Դարֆուրի ցեղասպանության մասին հոդվածները կարդալուց հետո որոշել է իր հեղինակությունն ու փառքը ի նպաստ ցեղասպանության հետևանքով տուժածների օգտագործել:
«Այժմ ունենալով փառք, ճանաչում ես փորձում եմ օգնել մարդկանց, և ինձ հետևում են տեսախցիկները, որոնց օգնությամբ խնդիրը լայն տարածում կունենա »:
Ցեղասպանությունները կոտորած համարելը, ըստ Քլունիի ճիշտ չէ, բայց դրան հասնելու համար երկար ու բարդ ճանապարհ է պետք:
«Երկար և դժվարին պայքար է եղել մինչև իրերը կոչել են իրենց անուններով, ամեն ինչ բարդ է, բայց ժամանակին: Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է: Չես կարող վերադարձնել մի ամբողջ ցեղի, մարդկանց մշակույթը դա հենց ցեղասպանություն է: Նորից չպետք է կատարվի ասում ենք, բայց նորից ու նորից կատարվում է: Ես կարծում եմ, որ այն, ինչ մենք այսօր անում ենք` երկու իմաստ ունի. առաջինը հետ նայենք ու չմոռանանք, դա Հայաստանի պատմության մի մասն է, նաև աշխարհի պատմության մի մասն է, և մյուսն էլ այն է, որ դեպի առաջ պետք է նայել: Վարդանի, Ռուբենի, Նուբարի գործունեության հերոսությունն այն է, որ պետք է նայել առաջ», -հայտարարել է Քլունին:




