
1915թ․-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանը (Պալյան) դիմել է աննախադեպ ու խիզախ քայլի։
Պատգամավորը Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների նստատեղերին դրել է Գրիգոր Զոհրապի, Վարդգես-Հովհաննես Սերենգուլյանի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Օնիկ Դերձակյանի, Պետրոս Հալաչյանի նկարները։
Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է նաև, որ Գարո Փալյանը 2 շաբաթ առաջ չի կարողացել մասնակցել Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված է եղել Թուրքիայում փոքրամասնությունների հարցերին։
«Գարո Փալյանը, սակայն, ևս մեկ անգամ ցուցաբերեց քաջություն և համոզմունք՝ այս անգամ թուրքական պետության քաղաքական կյանքի սրտում»,-ասվում է Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։
Տեսաֆիլմում՝ բոլոր նրանց, ում լուսանկարները Փալյանը տարել էր Թուրքիայի խորհրդարան, անվանում է, վերջում հայերեն ասում. «Աստված հոգին լուսավորի»:




