

Կառավարության այսօրվա նիստն ուղեկցվեց նաեւ «Ոչ թուրքական ապրանքներ» ՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայով: «Ոչ թուրքական ապրանքներ» ՀԿ-ի ներկայացուցիչները լրատվամիջոցների հետ զրույցում հորդորեցին ազգաբնակչությանը հրաժարվել թուրքական ապրանքներից:
«Հայաստան ներմուծված թուրքական ապրանքները 869 կոդով են: Եթե քաղաքացին ապրանքի վրա չի տեսնում` ինչ երկրի արտադրության է, գոնե այս կոդով կարող են կողմնորոշվել»,- մանրամասնեցին ակցիայի ներկայացուցիչները:
Ակցիայի մասնակիցները նաեւ տեղեկացրին, որ շրջելով առեւտրի կենտրոններում` «Baki koc» գրառմամբ փոցխ են հայտնաբերել: Սա նշանակում է, որ հայկական շուկան լավ ուսումնասիրելու դեպքում կարելի է անգամ ադրբեջանական ապրանք հայտնաբերել: Ի նշան բողոքի` մասնակիցները թուրքական ապրանքները նետեցին աղբարկղի մեջ:





