Հասարակություն

Վրացի լրագրողները խոչընդոտների են հանդիպել Ադրբեջանում

gitaelibekyan
Պատերազմական օրերին վրացի լրագրողներն ազատ աշխատել են Արցախում, սակայն խոչընդոտների են հանդիպել Ադրբեջանում:  Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկու կողմում աշխատած  լրագրողները վերադառնալով Թբիլիսի,  համեմատություններ են արել ու պատմել, թե ինչ են տեսել:

 

 

Վրացական լրատվամիջոցները  օրեր շարունակ առաջին էջերում անդրադառնում էին ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին:  «Ռուսթավի 2»-ը այն  եզակի հեռուստաընկերություններից էր, որ նկարահանող խմբեր ուղարկեց և Ղարաբաղ, և Ադրբեջան:  Ադրբեջանական կողմում վրացի լրագրողներին, սակայն,  քաշքուկ էր սպասվում. Դավիթ Քաշիաշվիլին  պատմում է.

«Մենք որոշ խնդիրներ ունեցանք Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, քանի որ մենք հավատարմագրված չէինք, իսկ այդ գործընթացը ինչպես պարզեցինք  բավականին երկար ժամանակ է պահանջում:  Բայց կարճ ժամանակ անց մեզ վստահեցին և թույլ տվեցին աշխատել:  Սահմանին  մոտ  ադրբեջանական Գորամբո և  Տերտեր  շրջանների գյուղերում բազմաթիվ տներ էին վնասվել հավանաբար  հայկական կողմի հրետակոծության հետևանքով:  Այդ գյուղերում մենք չհանդիպեցինք  որևէ մի  երեխայի կամ մի ծեր կնոջ, ով կասեր, որ վախենում է…», -ասաց «Ռուսթավի 2»-ի լրագրողը   զարմանալով, թե պատերազմական պայմաններում խաղաղ բնակիչները, այդ թվում երեխաները  ինչպես կարող են չվախենալ:

Մեկ այլ հեռուստաընկերության` «Իմեդի»-ի լրագրող Դավիթ   Ցագարելին, ով նույնպես աշխատում էր Ադրբեջանում, ընդգծեց.  «Պետք է նշեմ, որ ռուսերենը  տեղացիների  մոտ բացասական  էր ընկալվում.  դա հավանաբար կապված էր ռուսական  «Լife news» հետուստաընկերության  պատրաստած ռեպորտաժի հետ, որը, ինչպես  ադրբեջանցիներն էին նշում,  սխալ  տեղեկատվություն է տարածել»:

Իսկ իրադրաձությունները հայկական կողմից լուսաբանած լրագրողը` «Ռուսթավի 2»-ից Դավիթ Կակուլիան  վերադարձել է հայ կամավորականների քայլով հիացած.

«Առաջինը, որ կուզենայի  նշել  դա կամավորների մեծքաքնակ խմբերն էին: Ես  9 տարի է  ռազմական լրագրության ոլորտում եմ, սակայն մինչ օրս այսքան կամավոր  որևէ այլ տեղ չէի տեսել:  Կամավորների հոսքն առաջնագիծ  չէր դադարում և որոշվեց  կանգնեցնել…»:

Կակուլիան նաև վստահեցրեց.  «Տեղեկատվական պատերազմում  հաղթեց  Երևանը. այս փաստը հաստատում էին նաև տեղում աշխատող միջազգային լրագրողները: Հաղթանակը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ  հայկական կողմը  չէր սահմանափակում  լրագրողի աշխատանքը` ընդհուպ մինչև շփման գիծ: Իսկ Ադրբեջանում  մի շարք թղթաբանական գործընթացների միջով պետք է  անցնել և  հավատարմագրման համար որոշ  ժամանակ սպասել»:

Ասաց Ռուսթավիի լրագրողը, ով Արցախից  Թբիլիսի վերադարձավ պատերազմական օրերին հեռուստաընկերության գլխավոր տնօրենի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերաբերյալ արած հայտարարությունից անմիջապես հետո:

Հիշեցնեմ, որ  Վրաստանի նախկին  նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին պատկանող Ռուսթավի երկու հեռուստաընկերության  գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան  ապրիլի  3-ին  իր ֆեյսբուքյան էջում գրել է.   «Ներեղություն եմ խնդրում բոլորից, բայց  ես պաշտպանում են մեր ռազմավարական գործընկերոջ` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:  Հայաստանի Հանրապետությունը (և ոչ թե հայ ժողովուրդը,  որը մեր պատմական դաշնակիցն ու բարեկամն է) Ռուսատանի թիվ առաջին սատելիտն է հետևաբար նա մեր ռազմավարական դաշնակիցը չի կարող լինել. ինքներդ ձեզ մի խաբեք. պատերազմ, բնական է, ոչ ոք չի ուզում և  հույս ունեմ չի էլ լինի»:

Ռուսթավիի լրագրողը հրաժարվեց մեկնաբանել հեռուստաընկերության   տնօրենի հայատարարությունը:

Դավիթ Կակուլիան Արցախում է լսել իր տնօրենի արած հայտարարության մասին, սակայն ինչպես ասաց, դա ոչ մի ազդեցություն չի ունեցել լրագրողական գործունեության վրա:

Կարդացեք նաև

Back to top button