Հասարակություն

Մամուլի ազատության վարկանշային աղյուսակում Հայաստանը բարելավել է իր դիրքերը

Հայաստանը մամուլի ազատության վերաբերյալ վարկանշային աղյուսակում 180 երկրների թվում զբաղեցրել է74-րդ հորիզոնականը։ Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել 4 հորիզոնականով:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը պահպանել էր 2014 թվականին գրանցած արդյունքը՝ զբաղեցնելով 78-րդ տեղը:

Ադրբեջանը զբաղեցրել է 163-րդ տեղը՝ նախորդ տարվա 162-ի փոխարեն։ Վրաստանը բարելավել է դիրքերը 5 հորիզոնականով՝ նախորդ տարվա 69-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով 64-րդ հորիզոնականը։

Թուրքիան զբաղեցրել է 151-րդ տեղը, Ռուսաստանը՝ 148-րդ, Իրանը՝ 169-րդ։

Ամենաազատ երկրների հնգյակում են հայտնվել Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Դանիան և Նոր Զելանդիան: Ֆինլանդիան մնում է վարկանշային ցանկի առաջատար 2010 թվականից։ Ցանկում, ինչպես և նախորդ տարի, վերջին տեղերն են զբաղեցնում Թուրքմենստանը, ԿԺԴՀ-ն և Էրիթրեան:

Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ, ուժեղացել են իշխանությունների և մասնավոր բիզնեսի կողմից լրագրողների նկատմամբ ճնշումները:

 

Կարդացեք նաև

Back to top button