Հասարակություն

Մահ իմացյալ անմահություն է

satikisahakyan
Արցախյան ազատամարտի հերոս, հետմահու երկրորդ աստիճանի  մարտական խաչի շքանշանակիր,  Արմավիրի «Արծիվ 13»  ջոկատի հրամանատար Ռուբիկ Եղոյանն այսօր կդառնար 56 տարեկան, սակայն նա արդեն 24 տարի մեզ հետ չէ: Ռուբիկն իր կյանքը դրեց Արցախի ազատագրման զոհասեղանին: Արմավիր քաղաքի  թիվ 1 ավագ դպրոցը կրում է Ռուբիկ Եղոյանի անունը,  հակառակորդից առգրավված տանկն էլ այժմ որպես բաց թանգարանային նմուշ գտվում է Նորապատ համայնքի  մշակույթի տան դիմաց «Արծիվ-13» մակագրությամբ:

 

 

Ամեն տարի այս օրը մարդաշատ է Արմավիր քաղաքի Ռուբիկ Եղոյանի անվան դպրոցի բակը: Այստեղ են գալիս նրա մարտական ընկերները, հարազատներն ու բարեկամները, խոնահվում հերոսի  հիշատակի առջև, ծաղիկներ դնում բրոնզաձույլ կիսանդրին և երախտիքի խոսքեր ասում նրա անսահման հայրենասիրության մասին: Որդու կորստի հետ մինչև օրս  չի համակերպվում մայրը՝ Թամարա Եղոյանը.«Նա ամենուր ինձ հետ է, իմ մտքերը միայն նրա հետ են»:

Ռուբիկի երազանքները մեծ էին, ավիացիայի ինստիտուտ ընդունվելու ցանկությունն էլ անսպառ, սակայն անսալով մոր խնդրանքին չի հեռացել հայրենիքից և սովորել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, աշխատել  Արմավիրի հաստոցաշինական գործարանում: Հայրենիքի նկատմամբ ունեցած սերը գլուխ բարձրացրեց ազգային զարթոնքի տարիներին:  Առաջիններից էր, որ  Հոկտեմբերյանի Կարմիր ակումբի դիմաց նստացույց արեց, հետո ղեկավարեց ցույցերը: Իսկ երբ Հայաստանն ու Ղարաբաղը վտանգի մեջ էին նա  հայրենիքի պաշտպանությունը վեր դասելով անձնական կյանքից, զենք է  վերցրել և կամավորների ջոկատ կազմելով՝ մեկնել  պաշտպանելու  սկզբում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանները, այնուհետև  Արցախը: Մի շարք նորարարությունների հեղինակը զբաղվել էր ընդհատակյա զենքի սարքաշինությամբ, իսկ խնայած միջոցներն ու աշխատավարձը ներդրել զենք-զինամթերք հայթայթելու գործին: Հակակարկտային կայանների թնդանոթներն ու հրանոթները հավաքելով, վերանորոգել է և ուղարկել մարտի դաշտ:

Մայրը պատմում է , որ  Ռուբիկի կազմավորած ջոկատին Արցախում Վազգեն Սարգսյանը տվել  էր  «Գետաշենի արծիվներ» ծածկանունը, որն հետո դարձել է Արծիվ-13: Թամարա Եղոյանը  թվարկում է որդու անցած մարտական ուղին՝ Գետաշեն, Հադրութ, Հակոբ Կամարի, Ջրաբերդ, Հաթերք, Կարմիրավան, 3-րդ սովխոզ, Մատաղիս, Մքարտակերտ, Լենինավան:

Անքուն գիշերներ անցկացրած մայրը միշտ է սպասել որդուն, վերդառնալուց ուրախացել,մեկնելուց օրհնության խոսք ուղղել՝ դարձյալ վերադարձի ակնկալիքով:

1992 թվականի հունիսի 13-ին Թամարա մայրիկը վերջին անգամ է ճանապարհել որդուն, մոր սիրտն անհանգստացել էր  ու տագնապել: 21 օրից էր վերադառնալու, սակայն չհասցրեց: Անհավասար մարտում Ռուբիկի  ջոկատը ետ էր վերցրել 4 գյուղ,  Լենինավանի մատույցներում լուսաբացին ընկել շրջափակման մեջ, կռվել մինչև վերջին փամփուշտը: 1992 թվականի հունիսի 29-ին Ռուբիկի ջոկատն անհետ կորել է, գտնվել է միայն հրամանատարի դին ու ամփոփվել Արմավիրի գերազմանատանը: Մայրը չի ցանկանում խոսել այդ մասին, չի հավատում, որ դա իր որդու գերեզմանն է: Թամարա մայրիկն  ապրելով ապրեցնում է նաև իր որդուն, հավաքագրելով նրա մասին հուշերը արդեն երկրորդ  գիրքն է կազմել, որոնք  դեռ չեն  հրատարակվել:  Ծնունդդ շնորհավոր Ռուբիկ Եղոյան

Կարդացեք նաև

Back to top button