

Թիկունք- առաջնագիծ կապն ամրապնդելու նպատակով ապրիլի 3- ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամները Երևանում ՝ Մաշտոցի պուրակում, առաջին անհրաժեշտության ապրանքներ ու սնունդ հավաքեցին, ապա նաեւ անձամբ առաջնագիծ հասցրեցին: Մի քանի օր անց նախաձեռնության անդամները Արցախի մայրաքաղաք, հետո նաև զորամասեր մեկնեցին արդեն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ: Ապրիլի 20-ին ու 21-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամները երրորդ անգամ են ակցիա կազմակերպելու, այս անգամ՝ առաջնագիծ են տանելու ոչ թե սնունդ, այլ առաջին անհրաժեշտության պարագաներ: Երկու անգամ պատերազմական թեժ կետեր այցելած երիտասարդներն այսօր վստահեցրել են՝ հայ զինվորը սննդի կարիք չունի:
Առաջնագծում կանգնած զինվորն այս օրերին ոչ թե սննդի, այլ ավելի շատ հոգեբանական աջակցության կարիք ունի: Ապրիլյան մարտերի թեժ ու դրան հաջորդած օրերին ՙԱջակցենք սահմանամերձ բնակավայրերին՚ քաղաքացիական նախաձեռնության անդամները Արցախում հանդիպելով զինվորների հետ այս եզրահանգմանն են եկել: Նրանք Արցախ էին մեկնել մի քանի պատճառով. նախ՝ առաջին գիծ- թիկունք կապն ապահովել , հետո նաև տեղում ստուգել՝ արդյո՞ք իրական են պտտվող լուրերը, թե առաջին գծում ծառայող զինվորները սննդի կարիք ունեն: Նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանն այս թեմայով անձամբ է զրուցել զինվորների հետ: Վստահեցնում է՝ զինվորները պատրաստ էին անգամ քաղցած պայքարել. «18 տարեկան տղաները սողալով թիկունքից սնունդ են հասցրել զինվորներին: Մենք այնտեղ իմացանք, թե սնունդ տանող քանի մեքենա են պայթեցրել: Կուզենամ, որ այս ամեն ինչը չմոռնանք»:
Յուրաքանչյուրիս խաղաղ օրվա համար պայքարող առաջնագծի տղաներն իսկապես ոգևորվում ու զարմանում էին՝ տեղեկանալով, որ Երևանից Արցախ ու առաջնագիծ են հասել նախաձեռնության անդամները:
Արտուշ Չիբուխչյան. «Հենց զինվորների հետո խոսում էինք, հարցնում էին Երևանից եք եկել: Ուրախանում էին ու հասկանում էին, որ մենակ չեն առաջին գծում, մի ամբողջ հայ ժողովուրդ կանգնած է իրենց թրկունքին»:
Զինվորներին ուղղված նամակներից ու հոգեբանական աջակցությունից բացի «Աջակցենք սաահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները երկու անգամ իրենց հետ Ստեփանակերտ, այնտեղից էլ առաջնագիծ են տարել ինչպես առաջին անհրաժեշտության ապրանքներ, այնպես էլ սնունդ: Նախաձեռնության համակարգող Մաքսիմ Սարգսյանը նման այլ նախաձեռնությունների հեղինակներին կոչ է անում հավաքած իրերն անձամբ հասցնել զինվորներին:
Երկրորդ անգամ նախաձեռնության անդամները արտակարգ իրավիճակների նախարարության հետ են մեկնել Արցախ: Մաքսիմ Սարգսյանի փոխանցմամբ, Ստեփանակերտում պարզել են, որ իրենց հավաքած ապրանքն էլ պետք է պահեստավորվի, տեսակավորվի՝ հետո նոր բաժանվի զինվորներին, գործընթացը կարող է մի քանի օր տևել: Նախաձեռնության անդամները որոշել են չպահեստավորել ու անձամբ հասցնել նախ զորամասեր, հետո նաև՝ առաջնագիծ:
Ապրիլի 20-ին ու 21-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամներն ակցիա են կազմակերպելու, այս անգամ առաջնագիծ են տանելու ոչ թե սնունդ, այլ՝ առաջին անհրաժեշտության պարագաներ:




