
տեղադրված 13.54
լրացված 15.59

2016 թվականի ապրիլի 21-ին Երևանի օղակաձև զբոսայգում կբացվի 2014 թվականի օգոստոս ամսին Իրաքի Շանգալ նահանգում ցեղասպանության ենթարկված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը, որն առաջինն է աշխարհում: Պատակահան չէ, որ եզդիներն իրենց բախտը հավերժորեն կապել են հայ ժողովրդի հետ, իսկ հուշակոթողը կառուցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Եզդիների և հայերի բարեկամական կապերը միայն Հայաստանով չի սահմանափակվում։ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլյան իրադարձությունների մասին լավատեղյակ են նաև Ֆրանսիայում բնակվող եզդիները: Ֆրանսիայի եզդիների ֆեդերացիայի նախագահ Թամազ Մհոյին նշել է, որ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտում են նաև իրենք: Շփման գծում ադրբեջանական ագրեսիան դատապարտել են նաև Եվրոպայի ասորիները:
Ընդամենը 2 օրից հայաստանաբնակ, ինչու չէ նաև համայն աշխարհի եզդիների կյանքում պատմական իրադարձություն է տեղի ունենալու: Պատմական, քանի որ աշխարհում առաջին անգամ կբացվի Շանգալի եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը: Հուշարձանը գտնվում է Երևանի օղակաձև զբոսայգում: Հուշարձանը եզդի ժողովրդի անմահ ոգու, հավերժ ապրելու և արարելու վկայությունն է՝ նշեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։
Եվ պատակահան չէ, որ եզդիներն իրենց բախտը հավերժ կապել են հայ ժողովրդի հետ, իսկ հուշակոթողը կառուցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Մենք ցեղասպանություն տեսած և ապրած ժողովուրդներ ենք, ու թեև չենք կարող փոխել արյունոտ անցյալը, բայց կարող ենք և պարտավոր ենք նման հանցագործություններից զերծ ապագա ստեղծել, հիշելով նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, նշեց Ամո Շարոյանը:
Եզդիների և հայերի բարեկամությունը չի սահմանափակվում միայն Հայաստանի տարածքով: Բարեկամական կապեր են հաստատված ողջ Եվրոպայում: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլյան ռազմական գործողությունների մանրամասներին քաջատեղյակ են նաև Ֆրանսիայում բնակվող եզդիները: Ֆրանսիայի եզդիների ֆեդերացիայի նախագահ Թամազ Մհոյին նշեց, որ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտում են նաև իրենք
«Մենք Ֆրանսիայի եզդիների ֆեդերացիայի անունից նամակ ենք հղել Ադրբեջանի դեսպանատուն՝ պատերազմը դադարեցնելու կոչով: Նամակն ուղղարկել ենք ապրիլի 3-ին և մինչ օրս դեռ պատասխան չենք ստացել, թեև հուսով եմ, որ պատասխան դեռ կստանանք»։
Անդրադառնալով եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությանը՝ Եվրոպայում Շանգալի խորհրդարանի նախագահ Ֆկրատ Իգրեկը նշեց, որ ցեղասպանությունը շարունակվում է նաև 21-րդ դարում: 2014 թվականի օգոստոսին իսլամիստներն կոտորեցին հազարավոր եզդիների, հազարները գերեվարվեցին ու դատապարտվեցին ստրկության:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածությունն անհանգստացնում է նաև ասորիներին: Եվրոպայի ասորիների ֆեդերացիայի նախագահ Լադո Հոբիրը ասորի ժողովրդի զորակցությունը հայտնեց՝ նկատելով, որ հաղթանակի համար անհրաժեշտ է նաև փոքրամասնությունների համախմբվածությունը: Նշենք, որ ապրիլին ցեղասպանության տարելից են նշում նաև ասորիները: Մեկ դար առաջ՝ հայերի հետ միասին ցեղասպանության ենթարվեցին նաև ասորիները:




