

Հունվարյան նստաշրջանին «կողմ» քվեարկելով Սարսանգի ջրամբարի զեկույցին՝ ԵԽԽՎ-ն ևս քարտ բլանշ տվեց Ադրբեջանին՝ սկսելու լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նա խոսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի մասին, նշել այն գործողությունները, որոնք միջազգային իրավուքնի նորմերի համաձայն՝ պատերազմական հանցագործություններ են համարվում:
Զոհրաբյանը խիստ ուղիղ գնահատականներ է հնչեցրել նաև ԵԽԽՎ նախագահի հասցեին: Այն, որ ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը Վեհաժողովում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն է, հայտնի ճշմարտություն է՝ ասել է Զոհրաբյանը և նշել, որ ԵԽԽՎ պատմության մեջ աննախադեպ է, երբ Վեհաժողովի նախագահը զբաղվում է ոչ թե կառույցի, այլ մեկ առանձին երկրի շահերի բացահայտ պաշտպանությամբ։
«Երբ ձեզանից շատերն անցած նստաշրջանին կողմ քվեարկեցին Սարսանգի ջրամբարի, իբրև, հումանիտար խնդրին, դրանով քարտ-բլանշ տվեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիային: Հույս ունեմ հասկացաք, որ Ադրբեջանի նպատակը հումանիտար խնդիր լուծելը չէր, այլ ԵԽԽՎ-ում ձեր աջակցությունը ստանալն էր՝ հումանիտար նպատակի տակ ռազմական հանցագործություն կատարելու համար»։




