ԿարևորՔաղաքական

Ղարաբաղյան թեման՝ ԵԽԽՎ-ում

lusinevasilyan
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հավատարիմ մնան այն պարտավորություններին, որոնք ստանձնել են ԵԽ-ին անդամակցելիս ՝ այսօր ասել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Պեդրո Ագրամունդը նստաշրջանի  մեկնարկին  հնչեցրած բացման խոսքում: Խորհրդարանական վեհաժողովի  գարնանային նստաշրջանը, հիշեցնենք,  մեկնարկել է այսօր:

Իր ելույթում կառույցի ղեկավարն անդրադարձել է հրատապ մի քանի թեմաների , այդ թվում՝ ղարաբաղյան հիմնահարցին:

ԵԽ անդամ երկրներին շարունակում են բաժանել հակամարտությունները ՝ ասել է Ագրամունդը և   նշել, որ ԵԽԽՎ-ն թեև հակամարտության կարգավորման ուղիղ մանդատ չունի, բայց խորհրդարանական դիվանագիտությունը կարող է նպաստել դիրքորոշումների մերձեցմանը:

Շարունակելու եմ զբաղվել այս հարցով ՝ որպես առաջնահերթ խնդիր՝ ասել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը,  նաև արձանագրել, թե միջազգային իրավունքի նորմերից  հատկապես որին է տալիս իր նախապատվությունը:

«Միշտ  պաշտպանել եմ ԵԽ անդամ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը և կողմերին կոչ արել պահպանել միջազգային իրավունքի նորմերը: Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին կոչ եմ անում հավատարիմ մնալ այն պարտավորություններին, որոնք ստանձնել են ԵԽ-ին անդամակցելիս և քաղաքական կամք գտնել խնդրի խաղաղ կարգավորման համար»:

Մինչ նստաշրջանի մեկնարկը, ի դեպ, ենթադրվում էր, որ ղարաբաղյան պատերազմի թեման «հատուկ հարցի» կարգավիճակով քննարկման առարկա կդառնա  լիագումար նիստի ընթացքում: Օրակարգը քննարկելով, սակայն, ԵԽԽՎ բյուրոն որոշել է հրատապ  հարցի կարգավիճակ տալ պանամական փաթեթին:

Հայ պատվիրակները ղարաբաղյան պատերազմի հարցը քննարկման առարկա կդարձնեն այլ ձևաչափերով: Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսվում է մարդու իրավուքների գլխավոր հանձնակատարի հաշվետվության քննարկումը: Մեր  պատվիրակության անդամները նրան ուղղված հարցերով բարձրացնելու են ղարաբաղյան պատերազմի ժամանակ  Ադրբեջանի  կողմից միջազգային բազմաթիվ նորմերի խախտման հարցը:

Կարդացեք նաև

Back to top button