

ՀՀ պաշտպանության նախարարությունում երեկ օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին, իսկ այսօր նաև լրագրողներին ներկայացվել են խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը։ Փաստաթղթեր, որոնք հիմնովին բացահայտում են Ադրբեջանի ապրիլայն ագրեսիայի ողջ ծրագիրը:
Ապրիլի 2-ին ԼՂՀ տարածքում խոցված ադրբեջանական ուղղաաթիռի անձնակազմին պատկանող փաստաթղթերը հիմնավորապես բացահայտում են հակառակորդի մտադրությունները: Հայկական կողմի ձեռքում հայտնված նյութը վերջնականապես ապացուցում է, որ Ադրբեջանի կողմից նախապես մշակվել է լայնածավալ ռազմական գործողության պլան:
Հայտնաբերված մարտական փաստաթղթերը հիմնավորում են, որ խոցված ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ է Բաքվի շրջանից տեղափոխվել առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։
Ադրբեջանի բանակային ավիացիայի օդաչուներին հրահանագված է եղել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը իրականացնել հարձակողական գործողություններ ԼՂ-ի հարավային մասով: Կոնկրետ խոցված ուղղաթիռի օդաչուն իրականացրել է թռիչք 54 նշանակետի ուղղությամբ:
Ուղղաթիռի սև արկղը բացահայտում է, որ օդաչուն չի հասցրել անգամ կիրառել խոցման բազմաթիվ հնարավորությունները: Նրա ձեռքը թնդանոթի ձգանի վրա է գտնվել , երբ հայկական ուժերի կողմից խոցվել է: Ինչ է ապացուցում այս ամենը. «Որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմական գործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի»,- ասում է ՀՀ պաշտպանության նախարարաի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսինքն՝ տեղեկատվական ապահովության գործընթացն ընդհանուր ռազմական գործողության հետ համահունչ չէր, որովհետև վերջինը, ըստ էության, տապալվել էր, իսկ ադրբեջանական տեղեկատվությունը շարունակում էր գործել ըստ ծրագրի»,- ասում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը։




