
Անտեսելով միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ Ադրբեջանը վերջին օրերին շարունակում է Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով, Հայաստան-Ադրբեջան սահմանին տարբեր տրամաչափի զինատեսակների, այդ թվում՝ ականանետերի և նռնականետերի կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց հետևանքով կա 2 զոհ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանը կոպտորեն խախտում է ապրիլի 5-ի կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը, որով վերականգնվել է 1994թ. մայիսի 12-ի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև համաձայնագրով հաստատված զինադադարը: Ադրբեջանն արհամարհում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության հորդորները:
Բաքվի կողմից շարունակվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների, որոնց ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը՝ պատասխանելով Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին:




