
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանն այսօր իր չինացի պաշտոնակցին՝ Վան Իին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով, որ դրանք համահունչ են միջազգային հանրության կողմից միջնորդական առաքելություն իրականացնող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշմանը: Վան Ին վերահաստատեց Չինաստանի աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հայաստան ԱԳ նախարարի Չինաստան այցը մեկնարկել է այսօր։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել ենանցյալ տարի ՀՀ նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Չինաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Գոհունակությամբ արձանագրվել, որ Հայաստանի և Չինաստանի միջև առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը, համագործակցության երկար տարիների դրական փորձը արժեքավոր հիմք են հանդիսանում փոխգործակցության առավել խթանման համար:
Էդվարդ Նալբանդյանն ու Վան Ին մտքեր փոխանակել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիների շուրջ: Այդ առումով երկուստեք կարևորվել է Հայաստանում արդյունաբերական և ենթակառուցվածքային նախագծերում չինական ընկերությունների մասնակցությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծին, Հայաստանի Հյուսիս-Հարավ մայրուղու, Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրերին։




