
Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ:
Այդուհանդերձ, ամբաստանյալի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը մի քանի հարց է ուղղել նրան՝ կապված առողջական վիճակի հետ: Հարցին, թե կարո՞ղ է մասնակցել դատական նիստին, Պերմյակովը պատասխանել է, որ առողջական վիճակը նորմալ է: Հարցին, թե ինչ-որ բան իրեն կաշկանդո՞ւմ է, նա բացասական պատասխան է տվել:
«Ձեզ որեւէ մեկը սպառնացե՞լ է, որ ցուցմունք չտաք դատարանում», հարցին էլ արձագանքել է՝ «ոչ»:
Հարցին, թե տեղյա՞կ է, որ ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում հրապարակվելու են քննության ընթացքում տված իր ցուցմունքները, եւ դրանք կարող են մեկնաբանվել իր դեմ, ամբաստանյալը դրական պատասխան է տվել:




