
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ ամենամյա «Ուղիղ կապի» ժամանակ: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվան շարունակելու է համագործակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ խնդրի լուծումը գտնելու նպատակով:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով մենք աշխատելու ենք միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաև շարունակելու ենք երկկողմ համագործակցությունը: Ինչ էլ ասեն՝ Ռուսաստանը հետաքրքրված է խնդրի կարգավորմամբ, քանի որ մենք ցանկանում ենք լիարժեք աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ զգայուն թեմա է, և մենք պետք է դրան շատ զգուշավոր մոտեցում ցուցաբերենք բժշկական հայտնի` «մի վնասիր» սկզբունքով», ընդգծել է Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով Ղարաբաղյան խնդիրը հին հակամարտություն է: «Այն սառեցված վիճակում էր, դժբախտաբար, տեղի ունեցավ բռնության բռնկում: Մենք կանենք ամեն բան` խնդիրը կարգավորելու, երկու կողմերի համար ընդունելի որոշում գտնելու համար: Իհարկե, ԼՂ հարցով անհրաժեշտ է երկարատև լուծում: Դրան հնարավոր է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով, այդ հարցում պետք է գտնել փոխզիջում»,- ասել է Ռուսաստանի նախագահը
Պուտինի խոսքով, մի քանի տարի առաջ տպավորություն է եղել, թե գտնվել է փոխզիջումը, «սակայն պարզվեց, որ դա, դժբախտաբար, այդպես չէր»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Ռուսաստանում բնակվող հայերի ու ադրբեջանցիներին։ «Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր ու ադրբեջանցիներ, միլիոնների մասին է խոսքը: Բարեբախտաբար, մեր երկրի տարածում մենք խնդիրներ չունենք: Ավելին, ես գիտեմ հայերի ու ադրբեջանցիների, ովքեր չնայած բոլոր ողբերգական իրադարձություններին, շարունակում են պահպանել բարիդրացիական միջանձնային հարաբերություններ։ Կարծում եմ՝ դա շատ ճիշտ է: Ռուսաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ: Սակայն, բնականաբար, վերջնական որոշումը պետք է կայացնեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրները»,- ասել է Ռուսաստանի նախագահը:




