

Հայկական կողմին փոխանցված 18 հայ զինծառայողների մարմինների խոշտանգման և անարգանքի փաստը հետևողականորեն պետք է բարձրացվի միջազգային բոլոր ատյաններում, շոշափի Ադրբեջանի պատասխանատվության հարցը. ի՞նչ իրավական մեխանիզմնեով ՝ հարցն այսօր քննարկել են Մեդիա կենտրոնում, պաշտպանության նախարարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կատարվել են գործողություններ, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներով անթույլատրելի են, տարատեսակ կոնվենցիաների կոպտագույն խախտումներ են: Հայաստանը հետամուտ է լինելու, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի՝ ասում է պաշտպանության նախարարի ավագ օգնական, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ դեռևս կան հանգամանքեր, որոնք պետք է պարզի փորձաքննությունը և որոնցից նույնպես կախված են իրավական ընթացակարգերի ուղղությունները: «Չի բացառվում, որ գործ ունենք ոչ միայն մարմինների անարգանքի, այլ նաև զինծառայողների խոշտանգումների փաստերի հետ՝ ասում է ՊՆ ներկայացուցիչը: «Ընդհանուր միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների շրջանակում և տրամաբանության մեջ բազմաթիվ են նորմերը, որոնց հղում տալով կարող ենք իրավական ընթացակարգեր սկսել»:
Բայց կան նաև որոշակի սահմանափակումներ: Համանման բողոքի հասցեատեր կարող է դառնալ Միջազգային քրեական դատարանը, բայց Հայաստանը ուղղակիորեն դիմել չի կարող. խանգարող հանգամանքը Հռոմի ստատուտի մեր կողմից վավերացված չլինելն է: Բայց անուղղակիորեն դիմելու հնարավորություն կա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով: Հավանակնությունը, որ ՄԱԿ-ն այս հարցով կդիմի, փոքր է, փոխարենը՝ մեծ է դրա դիվանագիտական արժեքը: «Կարող ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը կարող է դիմել դատարան, որը պարտավոր է քննել այդ գործը: Եվ միայն դիմելը բավականին մեծ դիվանագիտական քայլ կարող է լինել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Ռազմական ագրեսիա, պատերազմական հանցագործություններ, քաղաքացիական անձանց խոշտանգումներ՝ բոլոր փաստերն ու ապացույցները, ըստ Մարուքյանի, պետք է հավաքվեն այս 3 ուղղություններով։
Ի տարբերություն Միջազգային քրեական դատարանի ՝ միանգամյն ռեալ է անհատական գանգատների ուղղումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մասնագետներն ասում են, որ հարյուրավոր գործեր կարող ենք ՄԻԵԴ-ի քննության առարկա դարձնել, դրանցում Հայաստանը կարող է ներգրավվել որպես երրորդ կողմ: Բայց կա հարց, թե իրավական որ ճանապարհն ընտրել , քանի որ գործընթացները կարող են խանգարել իրար: Քրեական դատարան դիմելու դեպքում, օրինակ, Եվրադատարան դիմել չենք կարող:
Բազմաթիվ հարթակներ էլ կան ՄԱԿ-ի կառույցներում. Մարդու իրավուքների խորհուրդ, տարատեսակ հանձնաժողովներ ու մարմիններ: Հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով փաստերը պետք է հասնեն այդ կառույցներ: Այս անգամ պետք է փորձենք մինչև վերջ գնալ՝ ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Ոչ մի պետություն դեռ այսպես ցուցադրաբար չի հակադրվել մարդասիրական նորմերին, ինչպես Ադրբեջանը՝ ասում է Լարիսա Ալավերդյանը և նշում , որ հենց այս բանաձևը պետք է գործի դրվի իրավական ընթացակարգերի մեջ:
Իրավականին զուգահեռ լուրջ անելիք ունեն քաղաքական մարմինները: ԱԺ մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը կարծում է, որ այս անգամ պետք է հետևողական լինել ու խնդիրը տանել մինչեւ վերջ: Ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությանը՝ «Ցավոք, խորհրդարանական դիվանագիտությունը ոչ միշտ է հաղթանակներով ուղեկցվում, վերջին զեկույցը, բանաձեւը եւս մեկ անգամ թույլ տվեցին հասկանալու, որ պետք է զգոն լինենք»:
ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանը , ի դեպ, մեկնարկում է ապրիլի 18-ին: Ըստ ամենայնի՝ հրատապ հարցի կարգավիճակով կքննարկվի «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին եւ ողբերգական էսկալացիան» վերտառությամբ փաստաթուղթը: ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամներն արդեն իսկ պատրաստվում են հատուկ տեղեկանքներով ներկայացնել այն բազմաթիվ ու տարատեսակ կոնվենցիաները, որոնք խախտել է Ադրբեջանը, նաև ներկայացնել խոշտանգված բոլոր զինվորների լուսանկարները:




