Հասարակություն

Վախճանվել է Սաբիր Ստեփանյանը

Ապրիլի 12-ին` կյանքի 83-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, հասարակական-պետական անվանի գործիչ Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը:

Սաբիր Ստեփանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ:

Սաբիր Ստեփանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժ. 18:00-20:00` Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, քաղաքացիական հրաժեշտը` ապրիլի 15-ին, ժ. 12:00-14:00` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան, 1), հուղարկավորությունը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

 

Սաբիր Նիկոլայի Ստեփանյան

Ապրիլի 12-ին` կյանքի 83-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, հասարակական-պետական անվանի գործիչ Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը:

Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը ծնվել է 1933 թվականի հունվարի 13-ին` Ղազախ քաղաքում, ծառայողի ընտանիքում:

1951 թվականին ավարտել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումը, 1962 թվականին` Վորոնեժի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:

1951-1954 թվականներին աշխատել է Քաջարանում, եղել է պաշարների հաշվարկման խմբում երկրաբան, հորատման երկրաբան, ապա Քաջարանի երկրաբանահետախուզական տեղամասի պետ, իսկ 1954-1955թթ.` Փխրուտի երկրաբանահետախուզական խմբի պետ:

1955-1957 թվականներին եղել է Ագարակի երկրաբանահետախուզական խմբի պետ, 1957-1958 թվականներին Հոկտեմբերյանի նավթի և գազի որոնման և հետախուզման խոր հորատման խմբի պետ:

1962-1964 թվականներին Վայոց Ձորի երկրաբանաորոնողական արշավախմբի պետ, 1964-1967 թվականներին խմելու ջրի հիդրոերկրաբանական արշավախմբի պետ (Էջմիածնի շրջան):

1967 թվականին նշանակվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, իսկ 1971 թվականին` Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի տնօրեն:

1977-1983 թվականներին եղել է «Հայոսկի» արտադրական միավորման տնօրեն:

1983-1986 թվականներին` ՀԽՍՀ գազաֆիկացման կոմիտեի նախագահ:

1986-1990 թվականներին` ՀԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի (Պետմատ) նախագահ, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահության անդամ:

1987 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման պատգամավոր:

1988 թվականի դեկտեմբերի 8-ից եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովի անդամ։

1991-1992 թվականներին եղել է Թուրքիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչի տեղակալ։

1993-1998 թվականներին` Ռուսաստանի  Դաշնության էկոնոմիկայի նախարարության Միջինասիական հանրապետությունների, Ղազախստանի և Հայաստանի հետ տնտեսական համագործակցության բաժնի վարիչ, ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1998 թվականին վերադարձել է Հայաստան և նշանակվել «Հայոսկի» միավորման գլխավոր տնօրեն:

2002-2004 թվականներին եղել է «Արմենալ» (Կանազ) ԲԲԸ մատակարարման գծով տնօրեն։

Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» (1966թ.) և «Պետական սահմանի գերազանց պահպանության համար» (1968թ.) մեդալներով, Աշխատանքային կարմիր դրոշի (1971թ. և 1977թ.) և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով (1989թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2012թ.), Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշանով (2012թ.): 2013 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան էր (1969թ.), ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ (2003թ.), նաև Ագարակի և Հրազդանի պատվավոր քաղաքացի:

Անգնահատելի է Սաբիր Ստեփանյանի` տաղանդավոր, հմուտ ղեկավարի, գիտնականի, հասարակական-պետական գործչի, մեծ հայրենասերի և մեծ մարդու ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ` նա նշանակալի ծառայություններ է մատուցել Հայրենիքին իրեն վստահված բոլոր ոլորտներում: Մեծ է Սաբիր Ստեփանյանի ավանդը Հայաստանի արդյունաբերության, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում: Հմուտ ղեկավարի կարողությունները, մասնագիտական բարձր որակը և մարդու լավագույն հատկանիշները նրան դարձնում էին գրեթե անփոխարինելի ցանկացած միջավայրում:

Նա միշտ աչքի է ընկել գործին իր անմնացորդ նվիրվածությամբ և վայելել գործընկերների սերն ու հարգանքը: Իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով գործընկերներին և երիտասարդներին` նա պատգամել է հավատարիմ մնալ ազգային բարձր արժեքներին և շարունակել ավագ սերնդի գործը հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի:

Կարդացեք նաև

Back to top button