

ԼՂՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը երեկ ապրիլյան պատերազմի օրերին իրենց քաջությամբ ու անձնազոհությամբ աչքի ընկած երեք զինվորներին մեքենաներ է նվիրել:
«Մենք մեր պարտքն ենք կատարել՝ բնականաբար վարձատրության չսպասելով»,- թշնամու հինգ տանկ ոչնչացրած ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Պետրոսյանի միտքը տարբեր ձևակերպումներով կրկնում են նաև մյուս երկու հերոս տղաները:
«Մտածում էի, որ ոչ մի թշնամի առաջ չգա՝ թեկուզ մի մետր: Ես իմ պարտքն եմ արել: Թեկուզ և նորից սկսեն իրենց գործերը, ես պատրաստ եմ նորից պաշտպանել իմ հայրենիքը»:
Թշնամու ուղղաթիռներից մեկը Նարեկ Մալխասյանն է ոչնչացրել: Նարեկը Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից է, ուղղաթիռը խոցելիս ոտքը բեկորից վնասվել է.
«Շատ շնորհակալ եմ, որ գնահատվում է այդ ամեն ինչը, բայց այդ ամեն ինչը չի արվել նրա համար,որ մեքենա կամ ուրիշ մի բան տան: Դա արել ենք մեր հայրենիքի, մեր ծնողների համար»:
Թշնամու ուղղաթիռներից մեկն էլ Գևորգ Մանուկյանն է ոչնչացրել: Շիրակի մարզի Հոռոմ գյուղից հերոս որդուն այցելության գնացած հայրը՝ Հովհաննես Մանուկյանն ասում է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել՝ զավակին ճիշտ են դաստիարակել, իսկ հայի պայքարն արդար է.
«Մենք լավ երեխա ենք դաստիարակել, բանակն էլ՝ լավ զինվոր՝ հայրենիքի համար: Մեր բռնած գործը արդար է, որովհետև մենք պայքարում ենք մեր հողի համար: Իսկ թշնամին զավթողական քաղաքականություն է վարում: Դրա համար էլ նրանց գործը պետք է անհաջողության մատնվի»:
Նշենք, որ մեքնենաները տրամադրել են ռուսաստաբնակ Արթուր Վարժապետյանն ու Կարեն Խաչատրյանը:




