ԿարևորՔաղաքական

Մի շարք եվրապատգամավորներ հանդես են գալիս ԼՂՀ- ն ճանաչելու կոչով

Այսօր Եվրախորհրդարանում Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես է գալու ելույթով, որտեղ անդրադառնալու է նաեւ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումներին։ Մինչ այդ՝ Եվրախորհրդարանի ամբիոնից մի շարք պատգամավորներ հանդես են եկել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։

Իսպանիայից Խոսեպ-Մարիա Տերիգաբրասը Եվրախորհրդարանի ամբիոնից Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման կոչ է արել։ Իր ելույթում նա նշել է, որ 1991 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեում քվեարկել է անկախության օգտին՝ ավելացնելով, որ ժողովրդավարական այս քայլին Ադրբեջանը պատասխանել է ռազմական ագրեսիայով, որին զոհ է դարձել ավելի քան 30 հազար մարդ։

«Արդյունքում՝ ստորագրվել է զինադադարի համաձայնագիր  Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ… Ադրբեջանը հրաժարվում է հրադադարի ռեժիմի խախտման դիտարկման մեխանիզմների ներդրումից»,- ասել է պատգամավորը։

Եվրապատգամավորը շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղն ունի լիարժեք ժողովրդավարական ինստիտուտներ, օրինակելի դատական համակարգ, ինչպես նաեւ կոռուպցիայի ցածր մակարդակ։ Այդ պատճառով մենք խնդրում ենք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ընդգրկել Մինսկի խմբի բանակցություններում, քանի որ նրանք են որոշում երկրի բնակիչների ապագան»,- ասել է նա։

Խոսեպ-Մարիա Տերիգաբրասը պնդել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է միջազգային մակարդակով ճանաչել նոր անկախ պետությունը։

«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշված է, որ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հանդես են գալիս նաեւ ԵԽ- ում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Ֆրանսուազ Գրեսետետը, եվրապատգամավոր Խորդի Սեբաստիանը։

Կարդացեք նաև

Back to top button