
«Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»,- tert,am— ին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով՝ ծրագրո՞ւմ է արդոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հանդիպման նման հանդիպում։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա: «Ուրախալի է, որ հայ հասարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լուրջ արտաքին վտանգի պարագայում ունակ է համախմբվել ագրեսիային հակադարձելու համար։ Նաև ակնհայտ է, որ հայրենասիրական ներուժը կրկնապատկվում է, երբ նրան որպես հենարան են ծառայում ժամանակակից մարտունակ բանակը և արդյունավետ գործող պետական ինստիտուտները»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը:




