Քաղաքական

ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը Հայաստան- Սփյուռք մոբիլիզացման կոչ է անում

lenabadeyan

Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Գագիկ Մինասյանի տվյալներով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Արցախի վրա հարձակման հրամանը տվել է ԱՄՆ-ից՝ հետդարձի ճանապարհին: Իսկ սրանից, ըստ պատգամավորի, կարելի է ենթադրել հոտեւյալը` ԱՄՆ-ից ունեցած Ադրբեջանի սպասելիքները չիրականացան, երբ համանախագահների կողմից դրվեց հրադադարի ռեժիմի պահպանման լրացուցիչ  հետաքննական մեխանիզմների կիրառման պահանջ: Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե պետք է արգելվի ագրեսորին հարձակողական զենքի վաճառքը, կամ այն երկրները, որոնք կվաճառեն՝ մեղսակից կլինեն հետագա հանցագործություններին: Ի դեպ՝ պատգամավորն այսօր ՀՀ-ին եւ Սփյուռքին մոբիլիզացիայի կոչ է արել:

 

«Ռուսաստանը պետք է վերագնահատի իր դիրքորոշումը Ադրբեջանին զենք վաճառելու հարցում»,- հայտարարում է Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ հստակեցնելով՝ երբ Ադրբեջանը հարձակվեց, ռազմական հավասարակշռությունը խախտված էր. 200 միլիոն դոլարի սպառազինությունը, որը մենք պիտի ստանայինք ՌԴ-ից, անհասկանալի պատճառներով ուշանում էր: Ի դեպ՝ այս վարկի պայմանագիրը ՀՀ խորհրդարանը վավերացրել էր դեռեւս օգոստոսին:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի համոզմամբ՝ վերջին հայտարարություններից հետո ակնհայտ է, որ նաեւ Հայաստանի իշխանություններն են վերանայել դիրքորոշումը հենց Ռուսաստանի նկատմամբ՝ նրանց ղեկավարներին զգուշացնելով, որ հենց իրենց զենքով են կրակում մեզ վրա:

Ու չնայած այս ամենին՝ հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանի պնդմամբ՝ դեռ շարունակելու ենք մնալ թե ԵԱՏ, թե ՀԱՊԿ կազմում: Դա փոխշահավետ է թե մեր, թե ռուսների համար, բայց պատգամավորը զգուշացնում է՝  համագործակցության չափը, իհարկե, բխելու է մեր շահերից:

Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը համոզված է՝ ապրիլյան այս պատերազմով նաեւ Ռուսաստանն էր փորձում լուծել ինչ-ինչ խնդիրներ: Ասենք՝ Ղարաբաղը կամ Հայաստանը փրկելու պատմական առաքելությամբ հանդես գար եւ հայկական կողմի դիմումից հետո խաղաղապահներով գար այստեղ:

Բայց Արցախի ՊԲ-ը խառնեց բոլոր ծրագրերը, ասում է քաղաքական գործիչը՝ մնալով իր այն համոզման, որ մեզ խաղաղապահներ պետք չեն: Ռուսաստանի իմացությամբ Ադրբեջանի հարձակման գնալու որոշումը Գագիկ Մինասյանը բացառում է եւ ընդունում, որ «այն, ինչ արեց մեր զինվորը՝ ամեն գնահատանքից վեր է»:

Կարծում է, որ վերջին օրերի պատերազմը ավարտված համարել չի կարելի: «Հակառակորդը խոցված է, բայց նրանից կարելի է ամեն ստոր քայլ սպասել»,- սա ասելով Գագիկ Մինասյանը՝ ենթադրում է, որ Ալիեւն ամեն դեպքում փորձելու է գնալ ռեւանշի: Ստեղծված իրավիճակի համար պատգամավորը մեղադրում է միջազգային հանրությանը, որը պասիվ կեցվածքով ջուր լցրեց ագրեսորի ջրաղացին եւ, որը խախտում է բանակցային գործընթացի պարտադիր երեք կետերից մեկը՝ ուժի եւ ուժի սպառնալիքը չկիրառելու սկզբունքը:  «Պետք է ավելի արդյունավետ գործել եւ դրսում եւ երկրի ներսում»,- նշում է հանրապետական պատգամավորը, ըստ էության արձանագրելով, որ հենց երկրի ներսում թույլ տված սխալները նույնպես արդեն գիտակցել են:

«Մենք ներքուստ եւս ունենք լուրջ պրեբլեմներ, որոնք պարտավոր ենք հաղթահարել, որպեսզի մեր հասարակությունը լինի էլ ավելի միահամուռ, որպեսզի մեր տնտեսությունը լինի էլ ավելի մրցունակ, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա՝ ինքը իր պետության տերն է բոլոր բնագավառներում եւ իր պետության բոլոր պրոբլեմների լուծողը հենց ինքն է: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է ավելի արդյունավետ լուծենք, քան լուծել ենք մինչեւ հիմա եւ երկրի ներսում, եւ երկրից դուրս»:

Տեղի ունեցած իրադարձություններից արդեն բազմաթիվ հետեւություններ են արվել ու որոշակի հետեւություններ պետք է անի նաեւ ողջ հայությունը: Խորհդուրդներ հնչեցնելու կարիք չկա՝ կարծում է պատգամավորը, շեշտում է, որ «իրենք լավ գիտեն, թե ինչ է պետք անեն»:

«Հայաստանը ստեղծման առաջին օրից օբյեկտից փորձում է սուբյեկտ դառնալ, քաղաքական գործոն դառնալ տարածաշրջանում: Եվ այս կարճատեւ պատերազմը ապացուցեց, ինքներս մեզ եւ աշխարհին էլ ապացուցեցինք, որ մենք գործոն ենք եւ մասնակցում ենք նոր Մերձավոր Արեւելքի ձեւավորմանը,- սա արդեն Ազատ Արշակյանի կարծիքն է, որը այսօր լրագրողների հետ հանդիպումից անմիջապես հետո մեկնեց Արցախ՝ անկախականների խմբի հետ:

Կարդացեք նաև

Back to top button