

Անհրաժեշտ քայլ ստեղծված իրավիճակում կամ դե ֆակտո իրավիճակի դե յուրե ամրագրում. այսպես են գնահատում քաղաքական ուժերը ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու մասին նախաձեռնությունը: Պատերազմական գործողությունների ծավալման առաջին օրն այս հայտարարությունն արվեց հանրապետության նախագահի կողմից Ազգային անվտանգության խորհրդի նիստում, ապա կրկնվեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
«Հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ».
այս հայտարարությունն ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ արել էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, նաև հավելել՝ եթե ռազմական գործողությունները լայնածավալ բնույթ ստանան՝ Հայաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Փաստաթուղթը դեռ խորհրդարան չի հասել, թե երբ կքննարկվի, առայժմ պարզ չէ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ մշակվում է, ընդ որում, մի քանի տարբերակներով, որոշումներ կկայացվեն՝ ըստ իրավիճակի: «Փաստաթղթի տեքստն արդեն մշակվում է , ընդ որում ՝ մշակվում է մի քանի տարբերակներով: Ըստ իրավիճակի կանենք մեր հետևությունները»,- ընդգծում է։
Ընդհանուր առմամբ ՝ խորհրադարանական գրեթե բոլոր ուժերն այսօր այն կարծիքին են, որ այս փաստաթղթի ընդունումն այս պահին անհրաժեշտություն է: Նրանց գնահատմամբ՝ սա քայլերից մեկն է կամ այն իրավական քայլը, որն ի պատասխան ստեղծված իրավիճակի կարող է անել Հայաստանի Հանրապետությունը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ համաձայնագիրը պետք է փորձի 2 հիմնական խնդիր լուծել: «Առաջինը՝ պետք է հստակ սահմանվի, որ Հայաստանը հանդիսանում է ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավորը: Նաև դրանից բխող իրավիճակի միջազգային ստատուսի ձեռք բերման խնդիր պետք է դրվի»:
Թեև Դաշնակցությունն ավելի շատ ռազմաքաղաքական դաշինքի կողմնակից է, բայց դեմ չէ նաև ռազմական փոխօգնության պայմանագրի տեսքով այս սկզբուքներն ամրագրելուն: Ռուստամյանի խոսքով՝ երկրորդ կարևոր դրույթը, որ պետք է տեղ գտնի փաստաթղթում, այն է, որ Ղարաբաղի նկատմամբ ցանկացած ոտնձգություն նշանակելու է ոտնձգություն Հայաստանի սահմանների նկատմամբ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:
«Այսինքն, պետք է պարզ դառնա, թե ինչու ենք ԼՂՀ մեր զինվորներին ուղարկում, տեխնիկա ուղարկում: Սա կլինի այն հիմքը, որ դա կատարենք ոչ թե թաքուն կամ վախվորած, այլ՝ բացահայտ ու իրավական հիմք ունենալով: Այդ կարգավիճակը ձեռք բերելը մեզ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային կառոյցներից Հայաստանի ստացած անվտանգության երաշխիքներից անմասն չմնա նաև Լեռնային Ղարաբաղը»:
Կա մեկնաբանություն, որ ռազմական փոխօգնության պայմանագիրը կարող է հիմք դառնալ ԼՂՀ անկախության ճանաչման համար: Ալեքսանդր Արզումանյանն այս դիտարկմանն ի պատասխան ճշգրտում է՝ սա ճանաչում չէ, բայց իրավաքաղաքական հիմք է Ղարաբաղի կողքին կանգնելու համար: Ըստ նրա՝ այս փուլում ավելի արդյունավետ է, քան՝ ԼՂՀ անկախության ճանաչումը:
Ո՞րն է լինելու պայմանագրի լուծելիք հիմնական խնդիրը, ի՞նչ է այն տալու Ղարաբաղին: «Այդ համաձայնագրով մենք ԼՂՀ-ի համար քաղաքական և ռազմական պատասխանատվություն ենք ստանձնում: Ասում ենք, որ եթե ԼՂՀ-ի նկատմամբ որևէ ոտնձգություն լինի, Հայաստանը անմասն չի մնա»:
Արզումանյանը կարևոր է համարում այն ձևակերպումները, որոնք տեղ կգտնեն փաստաթղթում: Որպես նախկին դիվանագետ ասում է, որ ճշգրտությունն այստեղ կարևոր է: «Շատ կարևոր է, որ այդ պայմանագրում նշվի, որ Հայաստանը Ղարաբաղի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ընկալելու է որպես ոտնձգություն իր սահմանների նկատմամբ: Հետագայում սրա մասին պետք է բարձրաձայնել նաև ՀԱՊԿ-ում, և պայմանագրում ճիշտ ձևակերպումներ ունենալու դեպքում կկարողանանք այս կարգի գործողությունների համար ՀԱՊԿ-ից հստակ դիրքորոշում պահանջել»:




