

Հայրենիքի վտանգի պահին յուրաքանչյուրն իր պարտքն է համարում ընդհանուր գործին մասնակցել իր մասով: Զենք վերցնել կնախընտրեին բոլորը, սակայն կան դեպքեր, երբ նախընտրելի է մասնագիտական փորձի եւ կարողությունների օգտագործումը:
Առաջնագծում իրավիճակի սրմանը զուգահեռ սահման շտապեցին շատերը: Նրանց մեծ մասը թեեւ զենքն էր նախընտրում, եղան նաեւ այնպիսիք, որ զենք բռնելու գայթակղությունը երկրորդ պլան մղեցին, քանզի իրենց կարեւոր ծառայության կարիքն այլ ոլորտում է զգացվում: Նրանց թվում Երեւանի ճանաչված հիվանդանոցներից մի շարք բժիշկներ կան:
Բժիշկ-կամավորականներ Երեւանի Սուրբ Աստվածամայր ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան Անդրանիկ Սերոբյանն ու նույն հաստատության վնասվածքաբան Արարատ Լեւոնյանն ընկերներ են: Ասացին, որ իրենք հոսպիտալի առօրյայով ու կարգուկանոնով են ապրում: Վերջին օրերին տպավորիչ շատ պահեր են ապրել եւ չեն թաքցնում, որ բանակի բուժծառայության մակարդակն էլ իրենց բոլոր ակնկալիքները գերազանցել է:
Այդուհանդերձ, երկու ընկերներն էլ չեն շտապում ճամպրուկները կապել, քանի որ հայրենիքի վտանգի պահին իրենց տեղը հենց առաջնագծում է:
Արցախում առաջնագծից ոչ հեռու կամավորականների մի խումբ էլ աշխատում է միանգամայն այլ բնույթի գործիքներով՝ լուծվում է պաշտպանական բնագծում ինժեներական կառույցները ամրապնդելու խնդիրը: Աբգար Տոնյանն իր որդու հետ ՌԴ-ից հայրենիք է շտապել հակառակորդի գործողությունների մասին լսելուն պես: Հայր եւ որդի կամավորականներին առաջարկվել է «կռվել» հենց այդ ճակատում: Համաձայնել են եւ հաջողությամբ իրագործում են դրված խնդիրը: Ասում են, որ չեն պատրաստվում սահմաններից հետ վերադառնալ եւ մնալու են, որքան իրենց կարիքը լինի:




