

Այսօր լրագրողների հետ են հանդիպել Միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատի վետերանների միության անդամները՝ վստահեցնելով, որ Արցախի վերջին զարգացումների հետ կապված իրենք պասիվ չեն եղել: «Սպեցնազն ունի իր սպեցիֆիկան եւ յուրաքանչյուր աշխատանք կատարվում է համապատասխան ինֆորմացիայի առկայությամբ»,-ասել է միության նախագահ Խորեն Կարապետյանը՝ ներկայացնելով նաեւ վերջին օրերին միության կատարած աշխատանքներն ու հետագա անելիքները:
Միության անդամները ցրված են տարբեր երկրներում եւ իրենք կոչ են անում, որ նրանք, ովքեր պատրաստ են՝ գան, հավաքվեն: Բոլորը տեղը գիտեն, հասցեն գիտեն, գրասենյակը գիտեն՝ ասաց միության նախագահ Խորեն Կարապետյանը:
«Մենք մեր պարտքը համարեցինք մեր ստորաբաժանումը վերականգնելը, որպեսզի, հարկ եղած դեպքում, պատրաստ լինենք, հրատապ, ինչպես կոչվում է, օպերատիվ հակազդման, որպեսզի մենք, այն կետերում, որտեղ կարիք կլինի արագ միջամտելու, կարողանանք այդ հարցը արագ կարգավորել»:
ՄՀՕՋ-ի վետերանների միության անդամներից Լեւոն Մանասերյանն անդրադարձավ նաեւ ոչ հեռու 90-ականների իրենց փորձին, ինչն, ըստ նրա, կարող է օգտակար լինել նաեւ այսօր:
ՄՀՕՋ-ի վետերանները, միաության նախագահ Խորեն Կարապետյանի փոխանցմամբ, ցանկանում են համախմբել բոլոր նախկին անդամներին, ստեղծել ստորաբաժանում, համագործակցել թե՛ ոստիկանության, թե՛ ԶՈՒ-ի, թե՛ այլ շահագրգիռ կառույցի հետ: Թե ի՞նչ նպատակով, Կարապետյանն այսպես պարզաբանեց. «Նախապատրաստվենք, որովհետեւ հիմա լրիվ ուրիշ պատերազմ է լինելու՝ ե՛ւ զենքի տեսակետից, ե՛ւ տեխնոլոգիաների տեսակետից եւ ռազվետկայի տեսակետից»:
Գուրգեն Բեգլարյանը նույնպես ՄՀՕՋ-ի անդամներից է եղել, ասաց, որ թեպետ առողջությունը չի ներում, բայց ինքն էլ է պատրաստ տղաների կողքին լինելու:
Մենք միշտ պատրաստ ենք եղել լուրջ խնդիրների՝ մարտահրավերների՝ վստահեցրեց ՄՀՕՋ-ի վետերանների միության նախագահը: Նրա փոխանցմամբ՝ իրենք հիմնավոր, լուրջ ծրագիր ունեն նաեւ մարտական հատուկ զինված ստորաբաժանում ստեղծելու մասին:
Միության անդամների ծրագրերից մեկն էլ, բանախոսի տեղեկացմամբ, համահայկական, այսպես ասած, «սպեցնազ» ստեղծելն է, նաեւ, Խորեն Կարապետյանի խոսքով, «ռեաբիլիտացիոն» բարեգործական կենտրոնի ստեղծումը, որ մարտական գործողություններից դուրս եկածները հնարավորություն ունենան անպայման այնտեղով անցնել՝ հասարակ՝ քաղաքացիական կյանքի հետ մերվելու համար:




