
«Ոչ թե առանձին մի զինադադար է և որոնողական աշխատանքների ավարտից հետո պետք է նորից պատերազմ սկսվի,այլ այն հատվածներում, որտեղ պետք է զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ ընթանան, մի շարք նոր և հատուկ միջոցառումներ պետք է իրականցնել, որպեսզի այդ նույն զինադադաը չխախտվի»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցրել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ շատերը սա դժբախտաբար ընկալում են որպես առանձին մի գործընթաց»: Սա զինադադարի ռեժիմի ներքո ընթացող աշխատանք է:
Բաբայանի փոխանցմամբ, այնտեղ տեղակայված ստորաբաժանումների հրամանատարները պետք է իրար հետ կապի մեջ լինեն, որպեսզի անգամ ատրճանակից կրակոց չլինի, որպեսզի այդ մարդասիրական նախաձեռնությունը իրականացնենք, որպեսզի փորձենք դուրս բերել զոհվածների դիերը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի փոխանցմամբ, ադրբեջանական կողմը կրկին խախտել է զինադադարի ռեժիմը, բայց սա «իհարկե իրենց ոճն է, իրենք շարունակելու են հենց այս ոճով էլ իրենց քաղաքականությունը իրականացնել»:
«Խախտելով զինադադարի ռեժիմն այն հատվածներում, որտեղ պետք է ընթանան որոնողական աշխատանքները, հանդիսանում է ստոր քայլ, հանդիսանում է հակամարդկային քայլ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում: Ինչ արած, մենք ունենք այդպիսի հակառակորդ, ունենք այդպիսի թշնամի, մենք ունենք այդպիսի հարևան: Եվ պետք է ըստ այդմ, շարունակենք մեր աշխատանքը՝ երբեք չահաբեկվենք։ Արդեն քանի տասնամյակ է մենք այդ հարևանի հետ ապրում ենք և ոչ միայն ապրում ենք, այլ նաև պաշտպանվում ենք և կարողանում ենք զարգանալ»,- ասում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարըն ու ընդգծում՝ ուստի պետք է սառնասրտորեն մոտենալ այդ ամենին:
Դավիթ Բաբայանը շեշտում է ՝ ցանկացած կորուստ մեզ համար ողբերգություն է: Ամբողջ Արցախը ողբում է անգամ մեկ մարմին գտնելիս կամ զոհվածի մեկ անուն ճշտվելիս, սակայն կամքն անկոտրուն է, և երկիրը, ժողովուրդը ամբողջ հայությունը այս մի քանի օրվա ընթացքում ցույց տվեցին, որ միասնական ու հաղթական ոգին կենդանի է: «Թեպետ 22 տարվա ընթացքում կարծես թե քողարկված է եղել տարբեր՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներով, բայց այսպիսի օրհասական ու կարևոր պահերին այդ ոգին նորից վերակենդանանում է»,- եզրափակել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:




