Հասարակություն

Հրաշքով փրկված զինվորները պատրաստ են նորից մարտի դաշտ մեկնել

aidaavetisyan
Մեր զինվորների մարտունակության, պատրաստակամության և հատկապես այս օրերին ցուցաբերած  սխրանքի  մասին  հավերժ պետք է խոսել: Ցավոք, նրանցից ոմանք  հայրենի հողը պաշտպանեցին  արյան գնով, ոմանք էլ  դարձան հաշմանդամ: Սակայն նույնիսկ այս դեպքում սուրը պատյան  չեն դնում և պատրաստ են մեկնել առաջնագիծ:

 

Սահմանագոտում ապրիլյան  այս թեժ օրերին, ցավոք  ունեցանք  զոհեր, ովքեր թշնամու մեծաթիվ խմբերի դեմ պայքարել ու հայոց  հողից հակառակորդին ետ են շպրտել իրենց կյանքի գնով: Այս պատերազմը խլեց  հայրենիքի պաշտպանների կյանքեր և նրանցից  ոմանք էլ  այսօր  զրկվել են կրկին բանակում ծառայելու  հնարավորությունից: Նույնիսկ  երկու ոտքերից զրկված  ու հաշմանդամ ևս երեք  հերոսներն այդ վիճակում պատրաստակամ են  մեկնել մարտի դաշտ՝  ընկերներին թշնամու  սանձարձակությունների դեմ միայնակ չթողնելու համար:

«Ձեր ցավը տանեմ տղե՛րք ջան, պինդ կացեք մինչև մենք էլ ենք  գալու հասնենք»:

19 –ամյա  Դավիթը արցախյան պատերազմի բովով անցած զինվորականի ընտանքիում  է մեծացել: Հայրն այժմ էլ է շարունակում  զինվորականի գործն ու  ծառայում  հայրենիքի մատույցներում: Հայրենասերի  ոգով դաստիարակված զավակը զորակոչվել է  բանակ՝ հայկական  սահմանները պաշտպանելու  նպատակով: Սակայն վերջին օրերի թեժ պայքարի ընթացքում ականապատ տարածքը դարձավ նրա զույգ ոտքերի անդամահատության պատճառ:  Ասում է՝ մահից փրկվել է դասակի հրամանատարի շնորհիվ:

«Նռնակը պայթեց, տեսա, որ երկու ոտքս չկա:  Մի ոտքս շալվարիս գոտով կապեցի, մյուսն էլ  բատինկիս շնորոքով: Չեմ սողացել, սաղ մինապատված էր, կպայթեի, դասակիս հրամանատարը եկավ հանեց»:

Երբ պառկած սպասել է, որ  ինչ որ մեկը հասնի օգնության, 19-ամյա  զինվորը գլխի տակ  զգացել է կոշտ բան և երբ նայել է՝ տեսել է նորից ական է: Ձեռքերով փորել ու գլխի տակից հանել է ականը: ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի՝  հոսպիտալ վիրավորներին այցի ժամանակ  կրտսեր սերժանտը խնդրել է  ապաքինվելու դեպքում ուղարկել հայրենիքի հանդեպ պարտքը շարունակելու: Ասել է կընդառաջեմ:

Մյուս հերոսը Արման Ավետիսյանն է, ով նույնպես  այս  մարտերի ընթացքում առաջնագծում իր մարտական  պարտականությունները  կատարելիս՝ ականից վիրավորվել է Պայթյունից  անմիջապես հետո  չի հասկացել, թե ինչ է կատարվել:

«Հենց պայթավ, կանգնա, ընգա գետնին, ձեռք տվեցի զգացի որ ոտքս չկա»:

Արդեն խրամատում զինակից ընկերները դադարեցրել են  արյունն ու կռվել չկարողանալու պայմաններում մարտընկերների զենքերն է սկսել լիցքավորել: Իր և զինակից մյուս ընկերոջ՝ Նարեկ Վարդումյանի, այժմյան միակ բարեմաղթանքն էլ  դիրքապահ  ընկերներին էր ուղղված:

«Բոլոր էս մեր վիրավորներին ցանկանում եմ առողջություն, մեկ էլ պոստեր ծառայող տղերքին  միշտ լավ նայեն: Իրանց դուխ, առողջություն, ուշադիր լինեն, թող ստեղ ինչքան տղա կա գնան օգնեն մեր տղերքին»:

Առյուծ որդիներ ծնած  հայոց մայրերի հպարտությունն են  այս տղաները՝  հայրենիք են  պաշտպանել ու  թշնամուն ցույց տվել  իր տեղը:  Մերօրյա հերոսների և  հայոց պատմության  հաղթանակած էջերն իրենց արիություններով զարդարողներին միշտ է պետք է հիշել, փառաբանել ու նրանց սխրանքը փոխանցել մատաղ  սերնդին:

Կարդացեք նաև

Back to top button