ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյան.«Ադրբեջանը կիրառեց այն զինատեսակները, որ ձեռք էր բերել ՌԴ-ից»

հրապարակված՝ 08.42-ին
լրացված՝ 15.30-ին
karenghazaryan

Նախագահ Սերժ Սարգսյանը վերադառնալով Բեռլինից՝ երեկ ուշ երեկոյան ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ողջունելով ռուսաստանցի բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը նկատել է, որ նրա պաշտոնական այցը շատ լավ հնարավորություն է՝ քննարկելու երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը:

«Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն Պաշտպանության բանակի, զինվորների և հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, այդ փորձը կասեցվեց»:

Մեր երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառել են այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից:

«Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից»:

Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ հավելել է Սերժ Սարգսյանը: «Դժվար է ասել, թե դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»,-շեշտել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով մեր երկրի ղեկավարին՝ իր հերթին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը համակարծություն է հայտնել, որ, իրոք, հիմա լավ հնարավորություն է տպավորություններով և տեղեկատվությամբ փոխանակվելու մեր սովորական երկկողմ գործերի առումով: «Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ մենք բանակցություններ անցկացրինք, քննարկեցինք մեր երկրների տնտեսական համագործակցության ողջ սպեկտրը, ստորագրեցինք, իմ կարծիքով, ապագային վերաբերող կարևոր փաստաթղթեր, պայմանավորվեցինք տարբեր հարցերի, այդ թվում՝ այնպիսի բարդ, բանավիճային և կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ, գազի գնագոյացումը, ինչը, իմ կարծիքով, կարևոր է Հայաստանի կայուն զարգացման համար: Երևի, դարձյալ որոշ հարցեր մենք Ձեզ հետ հակիրճ կքննարկենք՝ ասել է ՌԴ վարչապետը:

Դմիտրի Մեդվեդեւ — «Չեմ թաքցնի, իհարկե, կառավարական պատվիրակության համաձայնեցված պաշտոնական այցը եղավ շատ դժվար ժամանակահատվածում, բայց մենք ծրագրերը չփոխեցինք: Մենք համարում ենք, որ դա մեր պարտականությունն է՝ որպես Հայաստանի գործընկեր, ստանալ տեղեկատվություն, ինչպես ասում են, առաջին ձեռքից, հասկանալ, թե ինչ է կատարվում և, իհարկե, անել մեզնից կախված ամեն ինչ, որպես գործընկեր, դաշնակից, որպես Մինսկի խմբի մասնակից, որպեսզի իրադարձությունները զարգանան հանգիստ սցենարով: Մենք ելնում ենք նրանից, որ հիմա ամենակարևորը խաղաղություն պահպանելն է, բանակցային սեղանի շուրջ վերադառնալը՝ նույնիսկ անտեսելով այն, որ հիմա այդ բանակցությունների ֆոնը, մեղմ ասած, ամենալավը չէ: Ես շատ լավ հիշում եմ Ձեզ հետ մեր նախկին զրույցները: Միգուցե այն ժամանակ հնարավորությունների մի մասը չհաջողվեց իրականացնել, բայց ամեն դեպքում, խաղաղ բանակցություններին, հանգիստ քննարկումներին այլընտրանք չկա»:

Ինչ վերաբերում է Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետաձգմանը՝ ես հույս ունեմ, հավատացած եմ, որ ամեն դեպքում, այստեղ ընդմիջում չի լինի՝ շեշտել է Մեդվեդեւը:

Կարդացեք նաև

Back to top button