

«Մեր բանակի մարտունակությունը բարձր է, մեր դիվանագիտությունն ամեն ինչ անում է, որպեսզի երկու ոլորտներում մենք կարողանանք արձանագրել հաջողություններ: Մենք բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ դատապարտում ենք Ադրբեջանի նման ահաբեկչական քաղաքականությունը: Մեր խնդիրն է զինադադար պարտադրել հակառակորդին»,- այսօր երեկոյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա ամփոփել է արտաքին գործերի եւ պաշտպանության փոխնախարարների մասնակցությամբ երեք ժամ տեւած փակ հանդիպման արդյունքները։ Քննարկվել է 45 հարց։
«Ամեն ինչ լինելու է շատ հզոր, մենք ոգեւորված ենք, եւս մեկ անգամ վերահաստատեցինք, որ ե՛ւ Արցախի ՊԲ-ն, ե՛ւ մեր զինված ուժերը, ե՛ւ մեր դիվանագիտությունը, ե՛ւ մեր հասարակությունը, եւ՛ մեր քաղաքականն ուժերը միասնական են: Այս հարցում չկա իշխանություն-ընդդիմություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ չցանկանալով մանրամասներ հայտնել քննարկումից:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ հրադադարի մասին տեղեկություններ չունի, իսկ քննարկման ժամանկ տեղեկացել են, որ միջազգային կառույցներ են արձագանքել սահմանային լարվածությանը, ՌԴ նախագահն է հեռախոսազրույց ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:
«Խնդիր համար մեկ, որ մենք դրել էինք այս քննարկման ժամանակ, ստանալ տեղեկություն, հնարավորինս շատ տեղեկություն, որպեսզի կարողանանք արդյունավետ աշխատել տարբեր վեհաժողովներում, որովհետեւ խնդիր կա միջազգային մեր գործընկերներին ցույց տալու, ներկայացնելու փաստեր, որ Ադրբեջանը ագրեսոր է, Ադրբեջանը ահաբեկչական երկիր է եւ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ անում է քայլեր, որոնք դեմ են ոչ միայն զինադադարին, այլ դեմ են միջազգային իրավունքին»,- նշել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ պատգամավորները բավարարված են Դավիթ Տոնոյանի հաղորդումից։




