ԿարևորՔաղաքական

Էրդողանն ու Դավութօղլուն անձնական պատասխանատվություն են կրում, մեջբերում է Դ. Բաբայանը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Ղարաբաղյան հակամարտության գոտում 1994 թվականին ստորագրված հրադադարի պայմանագիրն անժամկետ է եւ այժմ ձեռք է բերվել հրադադարի հաստատման պայմանավորվածություն, այսօր Ստեփանակերտում  օպերատիվ իրազեկման կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Արցախը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօր տարածած հայտարարությունը, ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է, որ նման հայտարարությունները լինեն խիստ եւ հասցեական։ «Մենք պատրաստ ենք պատասխանատվությունը կրել, եթե խախտում ենք հրադադարը»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի՝ հրադադարի ռեժիմը խախտելու համար։

«Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահների այսօր սկսված տարածաշրջան այցը սպեցիֆիկ է։ Նա շեշտել է, որ նրանք բոլորն էլ շահագրգռված են իրավիճակը կարգավորելու համար։ Շահագրգռված են նաեւ այլ երկրներ, նաեւ Ռուսաստանը, քանի որ հասկանում են՝ լայնամասշտաբ հակամարտությունը կտարածվի ողջ տարածաշրջանում։

«Ռադիոլուրի» մեկ այլ հարցին՝ կապված ադրբեջանական բանակում ահաբեկիչների գոյության ապացույցների մասին՝ Դավիթ Բաբայանը նշել է, որ որոշ հիմքեր կան պնդելու ահաբեկիչների գոյության մասին։ Մասնավորապես՝ մեր զինվորներն արձանագրել են, որ ադրբեջանական կողմում լսել են թուրքերեն եւ արաբերեն խոսակցություններ, տեսել են տարբերվող համազգեստով մարդկանց։

Միաժամանակ՝ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը մեջբերել է Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահեթթին Դեմիրթաշի հայտարարությունը, թե նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անձնական պատասխանատվություն են կրում, քանի որ իրենք են հրահրել բախումը։

Կարդացեք նաև

Back to top button