

Աշխարհի տարբեր երկրներում ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիաներ են կազմակերպվում: Այսօր նախատեսվում է ակցիա Վալենսիայի խորհրդարանի շենքի մոտ:
Վալենսիայի հայ համայնքը Վալենսիայի խորհրդարանի շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա է անցկացնելու՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի: Համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանը Ռադիոլուրի հետ զրույցում նշեց, որ իսպանահայությունը անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողություններով ու պատրաստ է սատարել Արցախին ու հայ ժողովրդին:
Վալենսիայի հայ համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանը առավել վտանգավոր համարեց միջազգային հանրության լռությունը:
Ռազմական գործողությունների այս վտանգավոր շրջանում անտարբերությունը լարվածության նոր օջախներ կարող է առաջացնել աշխարհի թեժ կետերում:
Վալենսիայի հայ համայնքը բողոքի ակցիան կազմակերպելով խորհրդարանի շենքի մոտ՝ մատնացույց է անելու իսպանացի խորհրդարանական, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի հակահայկական հայտարարությունները։ «Եթե չեք կարողանում անաչառ լինել ու ներկայացնել իրականությունը՝ գոնե լռեք»,- նրան ու ադրբեջանամետ այլ պաշտոնյաներին կոչ են ուղղելու ցուցարարները։




