

Քաղաքագետներն ու վերլուծաբաններն այսօր Երևանում քննարկել են վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սկսած գործողությունների նպատակներն ու դրանց միջազգային արձագանքները:Նրանք համակարծիք են՝ սա մեր պատերազմն է, իսկ հաղթանակն այլընտրանք չունի:
ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով, սա հայրենի հողի պատերազմ է: Նա նաև համոզմունքված է, որ 1994թ ձևավորված ստատուս քվոն ձեռնտու է գերտերություններին՝ հակառակ դեպքում նրանք կստիպեին Հայաստանին փոխել այն։ Սա նշանակում է, որ միջազգային արձագանքը, որքան էլ դժգոհենք, մեզ համար նպաստավոր է: Այս պատերազմում հստակ հաղթելու ենք, այլընտրանք չկա՝ ասում է պատմաբանն ու պարզաբանում՝ 1992-1994թթ շատ ավելի ծանր վիճակում էինք, մինչև 1992թ մայիսի 9 պաշարված էինք, սակայն, հաղթեցինք:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը պատահականություն ու անսպասելիություն չի համարում: Շիրինյանի խոսքով, սա մեր Հայրենական պատերազմն է, որտեղ գլխավորը մենք ենք: Սակայն, ադրբեջանա- թուրքական լոբբին, քաղաքագետի խոսքով, պարտված է: «Ադրբեջանի հանկարծակի գործողության պլանը տապալված է»,- ասում է քաղաքագետը:
«Պաշտպանական բանակը ինչ հերոսական դիմադրություն է ցույց տալիս: Կա նաև հրաշալի մի բան՝ մեր ժողովրդի վերաբերմունքը: Այստեղ ես մի քիչ զարմացած եմ: Ես սխալվեցի, լավ էր, բայց ինձ թվում էր, թե այս տարիների անիրավությունը , աղքատությունը, ազատամարտիկների նկատմամբ նման վերաբերմունքը ոչ թե թուլացրել են հայ ժողովդրի կամքը, այլ հակառակը՝ ուժեղացրել են հայ ազատամարտիկին, հայ տղամարդուն և կնոջը»:
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սկսած գործողությունների նպատակը, ըստ Նորավանք գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի, փոքր հաղթական պատերազմն էր: Սա, ըստ Հարությունյանի, ընդունված է քաղաքականությունում, սակայն Ադրբեջանն ստացավ կոշտ պատասխան: Այս երկիրն այնքան էլ պատրաստ չէ, ունի տեխնիկական խոտան, արկերը չեն պայթում, տեխնիկական խոտան ունեն, անօդաչու սարք է ընկել՝ առանց միջամտության: Նորավանք գիտակրթական հիմնադրամի տնօրենի խոսքով, միջազգային հանրությունն էլ ըստ արժանվույն չպատասխանեց Ադրբեջանին:
Գագիկ Հարությունյանն ընդգծում է ՝ հայի հիմնական դաշնակիցները մեր բանակն ու մտավոր ներուժն է:




