

Զորամասի հրամանատար, կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյան: Ծնվել էր 1988 թվականին, արցախյան զարթոնքի հետ միասին ու կյանքով ամրագրեց արդեն ազատ ու անկախ Արցախի գոյության իրավունքը: Հովսեփն Արմավիրի մարզի Ապագա համայնքում էր ծնվել: Համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը «Ռադիոլուր»-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ համայնքում սիրում ու հպարտանում էին Հովսեփով, որն առանձնանում էր իր համեստությամբ ու կրթվածությամբ.
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն էր ավարտել: Ծառայել էր Ստեփանակերտի Ցորի զորամսում, այնուհետև տեղափոխվել Մատաղիս: Ամուսնացած էր, ունի երկու անչափահաս տղաներ»:
Պայմանագրային զինծառայող , շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյանը 1963 թվականին Լոռու մարզի Գուգարք համայնքում, ծառայում էր Մատաղիսի զորամասում: «Տասը տարի առաջ մեկնել էր Արցախ աշխատելու»,-պատմում է Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանը:
«Համեստ, պարկեշտ մարդ էր: Երեք զավակ ունի: Կինը տարիներ առաջ մահացավ, ինքը մեկնեց Արցախ, աշխատում էր որպես պայմանագրային զինծառայող»:
Զոհված զինծառայողների թվում է նաև Քյարամ Սլոյանը, ազգությամբ եզդի: Ծնվել էր 1996 թվականին: Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքից էր:
Հրամանատար Յուրի Անատոլիի Փարամազյան: Ծառայում էր ԼՂՀ Մարտունու շրջանում:
Մայոր Հովսեփ Ռաֆայելի Մայիլյան, ծնված՝ 1978 թվականին: Ծառայում էր ԼՂՀ Հադրութի շրջանում:
Հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Սասուն Ֆահրադի Մկրտչյան:
Ընդամենը 27 տարեկան էր: ԶՈւ-ում ծառայում էր 2011 թվականից:
Հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյան, ում աննախադեպ հերոսության մասին` Աննա Նազարյանի ռեպորտաժում:

Հայ զինվորը հերոս է, պատրաստ անգամ կյանքի գնով պահել ու պաշտպանել հայրենի հողը: Հակառակորդի հարձակման ժամանակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը կյանքի գնով փրկել է զինակիցներին: Իր անձնակազմի հետ միասին կապիտան Ուրֆանյանը երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։
Մի քանի անգամ գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցել մեկ տանկ և մոտավորապես մեկ տասնյակ թշնամու զինվորի: Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է թշնամու զինվորների: Գուցե կանխազգալով՝ իր զարմիկին՝ Ռաֆայել Բարսամյանին միշտ ասել է՝ գերի չեմ ընկնի:
Մեր հերոսի մորաքրոջ որդին պատմում է՝ դրոցական տարիներին կարատեով էր զբաղվում ու երազում էր զինծառայող դառնալ։ Դա էր պատճառը, որ ընտրեց հենց հայրենիքի պաշտպանի ճանապարհը:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանը նշանված էր իր սիրելիի հետ, այս տարի պատրաստվում էր ամուսնանալ՝ արցունքն աչքերին պատմեց հարևանուհին:
Ցավում ենք եւ հպարտանում…




