Քաղաքական

Բացառիկ օր ԱԺ- ում. իշխանությունն ու ընդդիմությունը խոսում են նույն լեզվով

lusinevasilyan

Հերթական քառօրյայի աշխատանքը Ազգային ժողովն այսօր սկսել է սահմանային աննախադեպ լարված իրավիճակի անդրադարձով: Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած հայորդիների հիշատակը: Հրապարակվել է հայտարարության այն տեքստը, որի տակ ԱԺ բոլոր խմբակցությունների , նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորների ստորագրությունն է:  Ազգային ժողովը  դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը, այն գնահատում որպես ահաբեկչական սպառնալիք  տարածաշրջանի անվտանգությանը և կոչ անում միջազգային հանրությանը համարժեք արձագանքել իրավիճակին:  Խորհրդարանում այսօր նաև այլ հայտարարություններ են հնչել՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու, հարևան երկրի ռազմական գործողությունները  իրավական հարթություն տեղափոխելու, ԵԽԽՎ նախագահի հայտրարություններին որևէ կերպ արձագանքելու, այս կառույցին Ադրբեջանի անդամակցությունը վիճարկելու մասին:

 

Ազգային ժողովի ապրիլի 4-ի նիստը՝  մեկը այն քչերից, երբ ընդդիմությունն ու իշխանությունը խոսում են նույն լեզվով, նույն ելակետից ու նույն նպատակով: «Ներքաղաքկան  պայքարը ներքաղաքական պայքար, բայց գուցե սա էր այն փորձաքարը, որ  հասկականք, որ ամեն ինչ պետք է իրականացնենք միասին, որ Հայաստանը բոլորիս հայրենիքն է, ու այս հարցում  իշխանություն-ընդդիմություն չկա »:

Ազգային ժողովի հայտարարության տեքստի տակ  խորհրդարանական բոլոր խմբակցությունների, նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներների  ստորագրություններն  են: Հայտարարությամբ օրենսդիր մարմինը   դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, այն որակում  ահաբեկչական սպառնալիք  տարածաշրջանի անվտանգությանը և կոչ անում միջազգային հանրությանը համարժեք արձագանքել իրավիճակին:

«Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային կազմակերպություններին հասցեական եւ համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից եւ տարածաշրջանը ապակայունացնող քայլերից խուսափելու համար:

Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն` դատապարտելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը եւ կմիանան Ադրբեջանին սանձելու միջազգային հանրության ջանքերին»:

Սահմանային աննխադեպ լարվածությունը կրկին հրապարակ է բերել հարցը ՝ արդյո° ք Հայաստանի կողմից  ԼՂՀ անկախությունը ճանաչելու ժամանակը չէ: Խորհրդարանում այս հարցը մի քանի անգամ բարձրացրած «Ժառանգություն» խմբակցությանն այսօր միացավ նաև ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը:  »Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է ԱԺ  օրակարգ ընդգրկել  և քննարկել ԼՂՀ անկախության ճանաչման հարցը»:

Ամեն ինչ հերթով՝ սա էր ԱԺ փոխնախագահի արձագանքը հարցին, այն հիշեցումով, որ գործադիրի ու օրենսդիրի ջանքներն այժմ ընթանում են Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի մշակման ուղղությամբ: Դրա  մասին, հիշեցնենք, խոսել էր հանրապետության նախագահը ապրիլի 2-ին հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: «Հիմա աշխատանքները գնում են այդ ուղղությամբ: Նախագիծը հենց պատրաստ կլինի, կքննարկենք: Ամեն ինչ՝ հերթով»:

Մինչ Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը  կմշակվի, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն  առաջարկում է որևէ կերպ արձագանքել  ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարություններին: Պատգամավորը դրանք «խայտառակ» է որակում: «Մի պաշտոնյա, որ պարտավոր է լինել անաչառ, երեկ սատար է կանգնել Ադրբեջանին՝ իր անմիջական աջակցությունը հայտնելով խաղաղ բնակչության սպանդին: ՀՀ-ն պարտավոր է իր հստակ վերաբերմունքը հայտնել այս պաշտոնյայի  նկատմամբ. նա ռազմական հանցագործ է»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց. երեկ հեռախոսազրույց է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ,  մանրամասներ է ներկայացրել իրադարձությունների իրական պատկերի  մասին:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  կարծում է, որ ԵԽԽՎ ղեկավարությանը պետք է ոչ միայն իրադարձությունների իրական  պատկեր ներկայացնել, այլ նաև՝ հայտարարության ու բանաձևի նախագծեր: Դրանք ընդհուպ կարող են շոշափել կառույցին ՝Ադրբեջանի անդամակցության հարցը։ ԵԽԽՎ-ին անդամակցելով Ադրբեջանը հստակ պարտավորություններ է ստանձնել։  «Լինելով ԵԽԽՎ անդամ՝ Ադրբեջանը ունի հստակ պարտավորություն՝ բացառելու ուժի բանեցումը: Սակայն ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն է հայտնել, որ իրենք են սկսել առաջինը: Սա արդեն հստակ ապացույց է»:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես կարծում է, որ իրավական փաթեթ ձևավորելու  կարիք կա: Փաստերը պետք է հավաքվեն, փաստաթղթավորվեն իրավաբանների կողմից: Մարուքյանը կարծում է, որ դրանք  կարող են միջազգային քրեական գործ հարուցելու հիմք դառնալ: «Պատերազմական գործողություններ են տեղի ունեցել եւ ունենում: Կարծում եմ՝ հարկ կա դրանք մանրամասն, պատշաճ փաստաթղթավորելու և միջազգային ատյաններում գործ հարուցելու, հայց սկսելու»:

Այսօր նիստերի դահլիճում նաև մի քանի անգամ առաջարկ հնչեց՝ կառավարության ներկայացուցիչների հետ փակ քննարկում –խորհրդակցություն հրավիրելու: Պաշտպանության և  արտաքին գործերի նախարարությունների  պատասխանատուների հետ առաջիկա օրերին փակ հանդիպում կկազմակերպվի՝ տեղեկացրեց  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Կարդացեք նաև

Back to top button