
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր (Քրիստոնեա- դեմոկրատական միություն) եւ գերմանա- հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վեյլերը խստորեն դատապարտել է ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղում։
«Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ցավալի է, որ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության դեմ հարձակում է գործվել, զոհվել են քաղաքացիական անձինք՝ այդ թվում 12 տարեկան երեխա»,- հայտարարել է գերմանացի պատգամավորը։
Վեյլերը նշել է, որ Ադրբեջանը խախտել է Մինսկի խմբի խաղաղ գործընթացը։ «Ես նաեւ ցավում եմ, որ ադրբեջանական ագրեսիան աջակցում է թուրքական ղեկավարությունը»,- ասել է նա։
Պատգամավորը պաշտպանել է Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերադառնալու արտգործնախարար Շտայնմայերի կոչը։
«Խնդիրն ինձ շատ սրտամոտ է։ Ես եղել եմ Ղարաբաղում եւ իրավիճակին տեղում ծանոթացել։ Բազմիցս ասել եմ, որ այս երկրում ժողովրդավարական փոփոխություններին պետք է աջակցել։ Բռնությունը լուծում չէ։ Այս ծանր պահին իմ մտքերը երկու կողմերի զոհերի եւ նրանց ընտանիքների հետ է»,- ասել է Ալբերտ Վեյլերը։




