
Արդբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին արյունահեղ միջադեպերը կարող են բերել ավելի լայնամասշտաբ հակամարտության եւ պայթեցնել Կովկասյան տարածաշրջանը՝ ասված է Եվրախորհրդարանի Հայաստան-ԵՄ բարեկամական խմբի այսօր տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նշել են, որ ԵՄ- ն եւ միջագային հանրությունը պատասխանատվություն են կրում ստեղծված իրավիճակին համար, քանի որ երկար տարիներ չեն հասկացել՝ որքան կարող է վտանգավոր լինել սառեցված հակամարտությունը, «ուստի ԵՄ- ն պետք է պատասխանատվություն ստանձնի դիվանագիտական գործողություններով միջազգային հանրությանը մոբիլիզացնելու համար՝ հակամարտության հետագա սրումը կանխելու նպատակով»։
Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ ներկա իրադարձությունները, որոնք նաեւ քաղաքացիական անձանց մահվան պատճառ են դարձել, ապացուցում են խնդրի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված համալիր լուծման անհրաժեշտությունը։
Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի ռազմական սադրիչ գործողությունների միջոցով հրադադարի խախտումը, որը բումերանգի նման անդրադառնում է ոչ միայն իր քաղաքացիների, այլեւ կովկասյան տարածաշրջանի կայունության եւ խաղաղության վրա՝ նշել են եվրապատգամավորները։
Նրանք շեշտել են, որ Կովկասյան տարածաշրջանում ԵՄ ռազմավարության բացակայությունը բերել է Ռուսաստանի դերակատարման աճին, եւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության գերագույն ներկայացուցչին կոչ են արել կառուցողական ակտիվ դեր խաղալ՝ ճգնաժամի խորացումը կանխելու համար։
«ԵՄ- ն, ՄԱԿ- ը եւ գերտերությունները Մինսկի խմբի համանախագահների միջոցով պետք է ջանքեր գործադրեն Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ կայունության եւ խաղաղության ամրապնդման նպատակով՝ անկախ նրանից Հայաստանի, Ադրբեջանի, թե Լեռնային Ղարաբաղի բնակիչներն են։ Հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ինքնորոշման իրավունքի վրա։ Սա միակ արդար, ժողովրդավարական եւ իրատեսական մոտեցումն է, որը կարող է բերել հակամարտության կենսունակ կարգավորման»,- ասված է հայտարարության մեջ։




