
Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմինը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս գիշեր տեղի ունեցած զինադադարի խախտման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից իրականացրած մարտական գործողություններն՝ ուղեկցված տանկերի, հրետանու և օդուժի ինտենսիվ կիրառմամբ, ոչ միայն խախտել են հրադադարի ռեժիմը, այլև փաստացի վերսկսել պատերազմական գործողությունները՝ սպառնալով ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության անվտանգությանը։
Ադրբեջաանի կողմից սանձաձերծված ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են նաև աշխարհաքաղաքական փխրուն խաղաղությամբ ու լարվածությամբ բնորոշ տարածաշրջանի կայունությանը։
Հավատարիմ լինելով խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին, գնահատելով այս ուղղությամբ ձեռնարկված միջազգային հանրության միջնորդական առաքելություններն և հատկապես հարգելով հակամարտության հանգուցալուցման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը դատապարտում է Ադրբեջանի սանձեզերծած գորողությունները, դրանք գնահատում որպես ռազմական մարտահրավեր և հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը դնում պատերազմատենչ ադրբեջանական կողմի վրա։
Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով աննախադեպ իրավիճակի վրա, միևնույն ժամանակ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է, որ հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկի թույլ չտալու հետագա լարվածության սրացումը, իսկ անհրաժեշտության պարագայում, ինչպես ապացուցել ենք բազմիցս, կառույցն իր ողջ կարողականությամբ պատրաստ է սատարել ԼՂՀ և ՀՀ իշխանություններին՝ ապահովելու հայկական երկու պետությունների ազգաբնակչության և պետականության անվտանգությունը»։




